Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպում են ունեցել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:
ԲԴԽ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները:
Նշվեց, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաեւ կառավարության աջակցությունը:
Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, եւ Իտալիայի փորձը եւս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:
Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց բովանդակային հանդիպման համար եւ նկատեց, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, եւ ծրագրվում է նաեւ հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նրանց եւ առարկայական հարցեր քննարկելու:
Հանդիպման ավարտին, ի նշան նաեւ հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջեւ հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրեց Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը եւ հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ: