Քոչարյանի վարչակարգի դիրքորոշումն էր. Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, կամ` միջնորդների ներկայացած ամեն առաջարկությունում պետք է հստակ ամրագրվի ԼՂ ինքնորոշման իրավունքը, թեկուզ` ժամանակային առումով ոչ անմիջապես:
Հայաստանի երկրորդ նախագահին հաճախ են քննադատել, որ նրա ժամանակ խեղաթյուրվել է ղարաբաղյան կարգավորման ձևաչափը, բանակցություններից դուրս է մնացել Ստեփանակերտը, որից օգտվելով՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը հակամարտությունը ներկայացնում է իբրև Բաքվի ու Երևանի միջև տարածքային վեճ:
Հեյդար Ալիևը 1999թ. Բաքվում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում ԼՂ-ի հետ ուղղակի շփումներից: Նա նախ ընդունել է, որ ԼՂ-ը դե-ֆակտո արդեն Հայաստանի կազմում է: “Ասածիս վկայությունները շատ են: Հայաստանի ներկայիս նախագահը ԼՂ նախկին ղեկավարն է: Այստեղ արդեն ամեն ինչ ասված է: Այդքանից հետո դուք ասում եք, որ պետք է ուղիղ շփման մեջ մտնել: ԼՂ-ն ինքնուրույն միավոր չէ: Եթե Հայաստանը չմասնակցեր այս գործընթացին, եւ եթե նա դե-ֆակտո չմիացներ ԼՂ-ը, իհարկե, այլ ելք չէր մնա, քան ԼՂ-ի հետ ուղիղ շփումները: Առաջին իսկ օրից հակամարտությունը ոչ միայն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև էր, այլև Հայաստանի և Ադրբեջանի: Եթե Հայաստանը մի կողմ քաշվի և չմիջամտի, մեզ այլ ճանապարհ չի մնա, քան ԼՂ-ի հետ հարցի քննարկումը: Բայց քանի դեռ մեզ համար գլխավոր սուբյեկտը Հայաստանն է, մենք ուզում ենք պայմանավորվել Հայաստանի հետ”:
Վարդան Օսկանյանն ընդունում է` ղարաբաղյան կողմը ներգրավված չէ բանակցային գործընթացում, և դրա միակ պատճառն Ադրբեջանի մերժողական կեցվածքն է: “Այսօր Հայաստանը հետևյալ երկընտրանքի առջև է կանգնել. պնդել ԼՂ մասնակցությունը և չգնալ բանակցությունների՞, թե՞ համաձայնել բանակցություններին` հանուն այն բանի, որ դրանք չընդհատվեն: Հայաստանի նախագահը որոշել է երկրորդը` հարցին մոտենալով հետևյալ կերպ. իսկապես կարևոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, այլ` թե ինչ ենք բանակցում”:
“ԼՂ-Ադրբեջան` Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ”` այսպիսի ձևաչափն է նախագահ Քոչարյանը համարում համարժեք: “Երևան-Բաքու ձևաչափը միայն բացասական հետևանքնե՞ր է բերում, թե՞ ունի նաև դրական մեծ ռեսուրս: Ո՞րն է բացասականը: Առաջին հերթին, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձևաչափը` զուգահեռաբար Հայաստանին ագրեսիայի ու տարածքների զավթման մեջ մեղադրելով: Այս փաստարկներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: Բոլորը գիտեն հակամարտության էությունը և հասկանում են, որ Ադրբեջանի մերժումը` բանակցելու ԼՂ-ի հետ, ավելի շատ գալիս է հոգեբանական բարդույթից: Դա կապված է պատերազմի հետևանքների հետ”:
Ըստ Քոչարյանի` Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն: Առաջին և կարեւորը. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: “Երկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը, որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` Հայաստանի նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ Հայաստանի ներուժը` և’ դիվանագիտական, և’ տնտեսական, և’ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը”:
Վահան Փափազյանն արդարացված է համարում Երևանի նախկին դիրքորոշումը. հայկական կողմը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը: “Այսօր էլ ճիշտ մոտեցում կլիներ, քան այն, ինչ ասվում է, որովհետև երբ իշխանությունները հայտարարում են, որ ԼՂ-ն այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ բանակցություններն անիմաստ են: Ինչպես Բաքվի դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ ԼՂ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս: Հայաստանի այն ժամանակվա ձևակերպումը` Երևանը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը, դիվանագիտության և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ընկալելի և տրամաբանական էր: Նախ` բանակցությունների տեղ էր թողնում, դա նշանակում էր, որ մենք բանակցելիք ունենք, երկրորդ` երբ խոսում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, ապա պարզ չէ՞, որ խոսքը վերաբերում է ԼՂ ժողովրդի ինքնորոշմանը”:
Փափազյանը համոզված է` եթե կարգավիճակի հարցը չթողնվի ապագային, ապա խնդիրը չի լուծվի, որովհետև Երևանի և Ստեփանակերտի համար անընդունելի է ԼՂ ինքնավարությունն Ադրբեջանի կազմում, իսկ Բաքվի համար` անընդունելի է ԼՂ անկախությունը կամ միավորումը Հայաստանի հետ: “Այսօրվա առաջարկը, որի մեխն իբր հանրաքվեի գաղափարն է, նշանակում է, որ այնուամենայնիվ, մենք տեսականորեն չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքն ինչ է լինելու, ուրեմն` կրկին կարգավիճակը մնում է հետագային: Իշխանությունները դեմքերը փրկելու ձև են գտել. եթե Ադրբեջանն ընդունի հանրաքվեի գաղափարը, ուրեմն ընդունում է, որ ԼՂ-ն իրավունք ունի ինքնորոշվելու: Բայց մենք չգիտենք` այդ հանրաքվեն տեղի կունենա, թե` ոչ, երկրորդ` մենք չգիտենք, եթե տեղի ունենա, ապա ինչ պայմաններում, երրորդ, մենք չգիտենք ինչ տարածքում, չորրորդ` մենք չգիտենք` ժողովրդագրական ինչ իրավիճակ կլինի”:
Փուլային տարբերակը, որտեղ կարգավիճակի հարցը հետագա բանակցությունների առարկան էր դառնալու, տրամաբանական էր, կարծում է Փափազյանը: “Ասվում էր հետևյալը. մնացյալ հարցերը լուծվել են` զբաղեցրած տարածքներ, փախստականներ, անվտանգություն, ամենագլխավորը` խաղաղապահ ուժեր, այսինքն` կարելի էր վստահ լինել, որ պատերազմը չի վերսկսվելու, սա շատ էական է: Դրանից հետո պիտի շարունակվեին բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ, այսինքն` Ադրբեջանն ընդունում էր, որ ինքը պետք է ԼՂ հետ բանակցի նրա ապագա կարգավիճակի վերաբերյալ, իսկ այսօր չի ընդունում”: