00:00:00

Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումը անվճար է. Արսեն Թորոսյան

12:53, 11 մարտ 2019

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում «հարցաքննվելու» հերթը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն էր։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, վկայակոչելով բազմաթիվ մասնագետների հայտարարություններ, նշեց, որ կան մտավախություններ, համաձայն, որի Հայաստանում քաղցկեղը հնարավոր չէ անվճար բուժել, հետևաբար նախարարի նախկինում հնչեցրած հայտարարությունները պոպուլիզմ են։ «Միգուցե առաջին հայացքից ականջահաճո է թվում քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար կազմակերպելու մասին հայտարարությունները։ Բայց ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների, բուժհաստատությունների ղեկավարների հետ, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ։ Եթե քաղցկեղի որակյալ բուժում, ապա դա շատ թանկ ու որակյալ ծառայություն է, իսկ պետական բյուջեն իր վրա նման ծանրություն չի կարող թույլ տալ», - ասաց Զոհրաբյանը։ Ի պատասխան, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, թե իր հայտարարությունները ներկայացվել են խեղաթյուրված։ «Խոսքերը պետք է ներկայացնել այնպես, ինչպես դրանք ասվել են և պետք չէ դրանք փոխել, երբեմն էլ՝ նենգափոխել։ Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումն անվճար է, մենք ասել ենք՝ քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»,- ասաց նախարարը, հավելելով, որ քաղցկեղ ախտորոշման դեպքում քաղաքացին մշտապես վճարել է բուժման՝ քիմիաթերապիայի, ճառագայթման և վիրահատության գնի 80 տոկոսը, իսկ պետությունը՝ 20 տոկոսը, սակայն այժմ համավճարի մասը՝ այսինքն՝ այն մասը, որը վճարում էր քաղաքացին, պետությունը վերցրել է իր վրա։ «Մենք ընդամենը քաղաքացիներին ասել ենք, որ այդ օրինական բեռը թողեք, գումարը պահեք ձեր մոտ, պետությունը կվճարի համավճարի այն մասը», - հավելեց Թորոսյանը։ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ պետությունը կարո՞ղ է 80 տոկոսը վերցնել իր վրա, Թորոսյանը պատասխանեց, որ կատարված հաշվարկների հիման վրա, պետությունը կարող է իր վրա նման բեռ վերցնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր