«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք է հայտնել, որ Սամվել Սարգսյանը «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։
Կարծիքի համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամների կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։
Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։