«Խոր ցավով տեղեկացա Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Շուրջ մեկ տասնամյակ գլխավորելով Պոլսի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր հավատացյալ ժողովրդին՝ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգնահատելի ներդրում է ունեցել հայ համայնքի կյանքում, նպաստել նրա հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը, պայքարել ճշմարտության վերահաստատման համար: Ճակատագիրը, սակայն, այլ ճանապարհ էր նախանշել պատրիարք Մութաֆյանի համար. անողոք հիվանդությունը կանգնեցրեց նրա գործունեությունը՝ կիսատ թողնելով մի շարք ազգանվեր գործեր:
Պատրիարքի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ: Եվս մեկ անգամ ցավակցում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ անդառնալի կորստի համար:
Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ «Թվիթեր»-ում աչքովս ընկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերենով գրառումը, որում նա ցավակցում էր «իր հայ քաղաքացիներին»: Հիշեցնեմ, որ մեր հարևան երկրում նախընտրական շրջան է»: