Թբիլիսիի Գլդանի շրջանում անհայտ անձինք հարձակվել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, հաղորդում է Նովոստի Վրաստանը»:
Հանցագործները ներխուժել են Ախմետելի մետրոյի կայարանից քիչ հեռու գտնվող բանկի մասնաճյուղ: Ըստ ականատեսների՝ կաղոպուտին մասնկացել է երեք տղամարդ:
Հարձակման ժամանակ բանկի ծառայողները կարողացել են սեղմել արտակարգ կանչի կոճակը եւ արդեն մեկ րոպեից դեպքի վայր են ժամանել Վրաստանի ՆԳՆ-ի ոստիկանության աշխատակիցները:
Իրավապահների եւ կողոպտիչների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:
«Ռուսթավի 2»-ը նշում է, որ հրաձգությունը շարունակվել է մոտ մեկ րոպե. փամփուշտները դիպել են մի քանի խանութների ցուցափեղկերին եւ մոտակայքում կայանված մեքենաներին: Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ ոչ ոք չի տուժել:
Հարձակվողները հանցագործության վայրից մեքենայով փախուստի են դիմել: Տեղեկություն կա, որ նրանք իրենց հետ են տարել նաեւ պատանդ վերցրած երիտասարդ կնոջը:
Մինչեւ այժմ անհայտ է՝ կարողացել են արդյոք նրանք գումար տանել: Հեռուստաալիքը նշում է, որ առավոտյան բանկի մասնաճյուղում ինկասացիան պատրաստվել է գումարների տեղափոխության:
Ներկա պահին «Վրաստանի բանկի» մասնաճյուղի մոտ մեծ քանակությամբ պարեկային մեքենաներ են կենտրոնացած, այնտեղ աշխատում են քրեագետները եւ կինոլոգները: