00:00:00

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի եւ Նիդերլանդների ԱԳՆ-ների միջեւ

17:18, 08 մարտ 2019

Մարտի 8-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանում ակտիվացած հայ-հոլանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդգծեց, որ հայկական կողմն այս խորհրդակցությունները դիտարկում է որպես բարձր մակարդակով հանդիպումների ընացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի համադրման հանդիպում։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին եւ զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը եւ կարեւորեց Նիդերլանդների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Խորհրդակցությունների արդյունքում անդրադարձ արվեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչպես նաեւ՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին: Հայ-հոլանդական քաղաքական խորհրդակցություններին քննարկվեցին նաեւ միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր