00:00:00

Բնապահպանության նախարարությունում քննարկվել է պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելքը

23:18, 06 մարտ 2019

ՀՀ բնապահպանության նախարարությունում հանրային քննարկում է անցկացվել պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված գերատեսչության մշակած օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել դրանց իրացման հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական տարրերից են, և խնդիրն առաջնային լուծում է պահանջում։ Հանրային քննարկման մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքների նախագծերի մշակմանը նախորդել են տևական ուսումնասիրությունները, միջազգային փորձի դիտարկումները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ նախարարությունում կազմակերպված քննարկումները։ Պոլիէթիլենային տոպրակներ արտադրող և ներկրող ընկերության ներկայացուցիչները առաջարկել են արգելքը իրականացնել փուլերով և նախատեսվածից երկար ժամանակ սահմանել դրա համար, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը վերապրոֆիլավորել։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրել են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները պոլիէթիլենային տոպրակների ներկա և աճող վտանգների վերաբերյալ և դրանց դեմ պայքարի իրենց փորձը։ Մոտ երկու ժամ տևած քննարկման ժամանակ կարևորվել է խնդրի լուծումը և դրա ժամկետների արագացմանը նպաստող ուղիների մշակումը։ Մտքերի փոխանակման արդյունքում որոշվել է առաջարկությունները գրավոր ներկայացնել նախարարություն, կամ e-draft.am կայքում հրապարակված օրենքների նախագծերի առաջարկներ բաժնում։ Տնտեսվարող սուբյեկտներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում կազմակերպել ևս մեկ հանրային քննարկում օրինագծերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր