Սպաների Համահայկական Միության հայտարարությունը
Իրան կատարած այցի ընթացքում Վարչապետ Փաշինյանը ազգային և պետական կյանքի կազմակերպման գործում կարևորագույն նպատակներ և սկզբունքներ արձանագրեց։ Դրան հետևեց ազատագրված հողերի վերաբնակեցման և Արաքսավանի կառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի Արցախում արված հայտարարությունը, ինչը վկայությունն է այն բանի, որ առնվազն Արեւելյան Այսրկովկասի (նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածք) հայության նկատմամբ Հայաստանի, Արցախի, սփյուռքի պաշտոնական ատյանների (և նրանց հովանավորների կողմից ուղղորդվող) ազգադավ քաղաքականությունն ավարտված է։ Դա նշանակում է որ հայկական քաղաքական ու ազգային կառույցները այլևս իրերն իրենց անունով կկոչեն և նոր ժամանակի հրամայականով այսուհետ չեն խուսափի արձանագրել 1988 թվականից սկսված տարածաշրջանի հայերի ցեղասպանության գործընթացը, որի ընթացքում լոկ ինքնապաշտպանության, ապա և հաջողությամբ պսակված մարտերի արդյունքում է ձևավորվել այսօրվա հերոսական Արցախը։ Դա նշանակում է նաև, որ ոչ միայն կարձանագրվի տվյալ տարածաշրջանից աշխարհով մեկ ցրված հարյուր հազարավոր հայերի իրենց հայրենիքի ազատագրված տարածքներում բնակվելու իրավունքը, այլև պետականորեն կարձանագրվեն այդ արատավոր քաղաքականությունը իրականացրած հայկական և միջազգային բոլոր ատյանները։
Ստեղծված նոր հանգամանքներում Սպաների Համահայկական Միության գործունեությունը ուղղված է լինելու ինչպես մեր ժողովուրդի հանդեպ այդ հանցագործությունները կատարած անձանց և ատյանների հայտնաբերմանը, ազգային ու միջազգային ատյաններում նրանց պատասխանատվության կանչելուն, այնպես էլ իշխանությունների հետ ազատագրված տարածքներում հալածյալ հայության համար անվտանգ բնականոն կենսակերպի ապահովմանը։