Հայաստանի Հանրապետությունն օգտագործում է բոլոր քաղաքական եւ հումանիտար գործիքները՝ Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին: Ալեքսանյանը հետաքրքրվել էր, թե ունե՞նք արդյոք խնդրի լուծման ուղիներ՝ Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար:
«Կարեն Ղազարյանի իրավապաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, նաեւ պահանջել են հրատապ միջոց կիրառել ու հիմա այդ գանգատը քննվում է: Հայաստանի Հանրապետությանը կծանուցվի ու ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ: ՀՀ կառավարությունն օգտագործում է դիվանագիտական եւ հումանիտար բոլոր գործիքները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքն ապահովվի ու երաշխավորվի: Ամեն ինչ արվում է՝ նրան Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն մերժել է փոխանակման առաջարկը, քանի որ ՀՀ-ում նույն կարգավիճակով գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան: Զեյնալյանը նշեց, որ Կարեն Ղազարյանն ապօրինությամբ է գտնվում անազատության մեջ: