Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:
Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով: