00:00:00

ՀՀ-ն ԱՄԷ-ի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ դեսպանին

15:37, 06 մարտ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը: Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձևավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը: Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարևորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մասնակցությունը երկրի զարգացման գործում: Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների և ձևավորված բարենպաստ մթնոլորտի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր