00:00:00

Նապաստակի որսի ժամանակ 22-ամյա երիտասարդի կրակոցից անզգուշաբար սպանվել է որսորդ «Շվիլը»

02:44, 03 մարտ 2019 Պատահարներ

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Սեյրան Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ: 22-ամյա Սեյրան Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Իջևանի բնակիչ Սեյրան Մ.-ն 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 12-ի սահմաններում Իջևանի «Աղայա» սարամասում նապաստակ որսալու ժամանակ իրեն պատկանող «ԻԺ- 26» մոդելի,12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով, չնկատելով իր հետ որսի գնացած ու անսպասելի՝ փախչող նապաստակի ուղղությամբ հայտնված Կառլեն Մ.-ին, կրակ է արձակել նապաստակի ուղղությամբ, բայց մետաղական կոտորակը դիպել է Կառլեն Մ.-ի ձախ ուսագոտուն՝ նրան պատճառելով մահ: Դատաքննության ընթացքում Սեյրան Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ունի իր անունով հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ճանաչում է «Շվիլ» մականունով Կառլեն Մ.-ին, նա իր քրոջ ամուսնու հորեղբայրն էր, ինքը նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել: Իմացել է, որ «Շվիլը» օրինական որսորդ է, և ցանկություն է հայտնել նրա հետ որսի գնալու: Իր փեսայի եղբայր Արմանը հունվարի 5-ին զանգել է իրեն ու հայտնել է, թե «Շվիլը» հաջորդ օրվա առավոտյան գնալու է որսի, ինքը թող պատրաստ լինի, որ գնա «Խոլարքեր» կոչվող սարամաս՝ այնտեղից որսի գնալու: Հաջորդ օրը, առավոտյան ժամը 7-ին ինքը վերցրել է իր որսորդական հրացանը, գնացել է «Խոլարքեր» սարամաս: «ՈւԱԶ» մեքենայում էին ինքը, «Շվիլը», նրա եղբորորդիները՝ Արմենն ու Արմանը, ևս երկու անծանոթներ՝ իր հասկանալով նրանք «Շվիլի» ծանոթներն էին: Իրենք բարձրացել են «Աղայա» սարամաս, որտեղ ոչ ոք չի բնակվել: Մեքենան կանգնելուց հետո նապաստակի հետքերով քայլել են մոտ 300 մետր, կանգնել են մի բլրի մոտ: Այնտեղ «Շվիլը» դիրքավորել է իրենց այնպես, որ յուրաքանչյուրը կոնկրետ իր տեղը զբաղեցնի: Ինքը կանգնել է բլրի կենտրանական հատվածում, իրենից դեպի աջ՝ ձորի բերանին պիտի որ դիրքավորված լիներ «Շվիլը», ինքը նրան չէր տեսնում: Մյուսներն էլ ունեին իրենց տեղերը, Արմանն ու երկու անծանոթները շների հետ են եղել, նրանք շարժվել են նապաստակի հետքերով: «Շվիլը» զգուշացրել է, որ, անվտանգությունից ելնելով, յուրաքանչյուրը մնա իր դիրքում: Որոշ ժամանակ անց իր ձախ կողմից, մոտ 10 մետր հեռավորությունից ինքը տեսել է նապաստակին, հրացանը պահել է նրա ուղղությամբ, նշան է բռնել ու հրացանը մարտական վիճակի է բերել: Նշան բռնած վիճակում ինքը թեքվել է նապաստակի շարժման ուղղությամբ՝ ձախից աջ, ու մեկ անգամ կրակել է, բայց նապաստակին չի դիպել: Դրանից 5 վայրկյան անց ինքը երկրորդ անգամ է կրակել ու նապաստակն ընկել է: Նապաստակի ընկնելուց հետո ինքը տեսել է «Շվիլին», նա իրեն ասել է. «Էս ի՞նչ ես անում», ձեռքը տարել է դեպի ձախ ուսն ու պառկել է գետնին: «Շվիլը» նախնական դիրքից շարժվել էր դեպի վերև մոտ 20 մետր: Նրան առաջինը մոտեցել է ինքը, հետո եկել են Արմանն ու անծանոթները, վերջում եկել է Արմենը: Ինքը տեսել է, որ «Շվիլի» ձախ ուսի հատվածում փոքր անցք կա: «Շվիլին» իջեցրել են մեքենայի մոտ: Վերքից արյուն չի հոսել, «Շվիլի» գիտակցությունը տեղն էր: Մեքենայով տեղափոխելու ժամանակ՝ չհասած «Խոլարքեր», նա գիտակցությունը կորցրել է: Արմենը զանգել է հորը, հայտնել է կատարվածի մասին, ասել է, որ նա մեքենայով գա, հորեղբորը շտապ հասցնեն հիվանդանոց: Այդպես էլ արել են: Ինքը հիվանդանոց չի գնացել: Հետո իմացել է, որ «Շվիլը» մահացել է: Ամբաստանյալը պնդել է՝ ինքը չի ցանկացել , որ կրակի ու սպանի «Շվիլին», կրակելու ժամանակ նրան չի տեսել: Իր դիրքը բոլորից առաջ էր, ինքը մեջքով էր կանգնած դեպի մյուսները, դրա համար էլ չի տեսել, որ «Շվիլը» փոխել է դիրքը: Բացի իր արձակած երկու կրակոցից, ոչ ոք կրակոց չի արձակել: Իր հրացանի մեջ երկու փամփուշտ կար, ինքն ավել փամփուշտներ չէր վերցրել: Իր կարծիքով՝ ինքը հանցագործություն չի կատարել, քանի որ իրեն դիրքավորել էր «Շվիլը»՝ որպես փորձված որսորդ, պայմանն այն էր, որ ոչ ոք մյուսների տեսադաշտում չպիտի հայտնվեր, ինքը չի պատկերացրել, որ «Շվիլը» կարող է թիկունքից հայտնվել իր կրակային տարածքում, դրա հետևանքով էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: «Շվիլը», որպես փորձառու որսորդ, իրենց բացատրել է անվտանգության կանոնները, բայց նա էլ խախտել է դրանք: Տուժողի իրավահաջորդը՝ Կառլեն Մ.-ի որդին, հայտնել է, թե հայրը գտնվել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի: Նա Հայաստան էր եկել 2017 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ամանորը իրենց հետ նշելու: Հայրը երկու հատ օրինական որսորդական հրացան ուներ: Դեպքի օրն ինքն արթնացել է, հայրն արդեն տանը չէր՝ գնացել էր որսի: Կեսօրին իմացել է, որ հայրը մահացած վիճակում տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Հորեղբոր ընտանիքից տեղեկացել է, որ Սեյրանը կրակել է նապաստակին, բայց գնդակը պատահական դիպել է իր հոր ուսին, որից հայրը մահացել է: Իրենց ընտանիքը բողոք չունի, քանի որ համոզված են՝ Սեյրանը չի ցանկացել սպանել հորը, կատարվածը պատահականություն է: Դատարանը Սեյրան Մ.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 1 տարի ազատազրկման: Սեյրան Մ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, և նա ազատվել է նշանակված պատժից: Անդրադառնալով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցին՝ դատարանն արձանագրել է, որ այն պետք է թողնել առանց քննության, «քանզի վնասի հատուցման գրավոր պահանջ քաղաքացիական հայցի տեսքով չի ներկայացվել»: Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու քաղհայցը: Ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքը վերացվել է: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «Դատական ծախսերի հատուցման կամ գույքի բռնագրավման խնդիր չկա»: Սակայն գործով մեղադրող դատախազը համաձայն չի եղել դատարանի ձևակերպմանը, թե՝ «դատական ծախսերի հատուցման խնդիր չկա»: Խնդիր նա տեսել է ու վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով դատական ծախսերի մասով բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ գործի քննության ընթացքում նշանակված դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննության համար ծախսված 859 հազար 40 դրամ գումարը՝ որպես դատական ծախսերի հատուցում, բռնագանձել Սեյրան Մ.-ից: Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող դատախազը պնդեց իր բողոքը: Ամբաստանյալն առարկեց մեղադրողի բողոքի դեմ՝ նշելով, թե ինքը սովորում է համալսարանում՝ վճարովի համակարգում, մասնակից է եղել Ապրիլյան մարտական գործողություններին, ընտանիքում ապրում են ինքը, մայրն ու տատիկը, ինքը հանդիսանում է տատիկի խնամակալը, դեպքից հետո կատարել է մոտ 2 միլիոն դրամի ծախս, ունի վարկային պարտավորութուններ, ընտանիքը սուղ նութական պայմաններում է ապրում… Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյան, Նարինե Հովակիմյան, Մհեր Արղամանյան կազմով, որոշեց. մեղադրողի բողոքը բավարարել մասնակիորեն: Դատական ծախսերի հատուցման մասով վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը, այդ մասով գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության, քանի որ դատական ծախսերի հատուցման վերաբերյալ դատավճռում իսպառ բացակայում էին հիմնավորումներն ու պատճառաբանությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր