Շիրակի պետական համալսարանում այսօր անցկացվում են բուհի ռեկտորի ընտրությունները: Գործընթացը վարում է Շիրակի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նշենք, որ փետրվարի 22-ին ավարտվել է ՇՊՀ ռեկտորի թափուր տեղի համար մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը: Հայտ էր ներկայացրել 4 թեկնածու՝ բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Ավետիսյանը, ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուշակ Կարապետյանը, ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը:
Այսօր ընթացող նիստը ծավալուն օրակարգ ունի, դեռ պետք է որոշեն՝ հավակնորդներին թեկնածու համարում են, թե ոչ, նախատեսված է թեկնածուների ծրագրերի ներկայացում, հարցերի ներկայացում հավակնորդներին, խորհրդի անդամների ելույթներ, հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, գաղտնի քվեարկությամբ ռեկտորի ընտրություն, ռեկտորի ընտրության մասին արդյունքների որոշման կայացում: