00:00:00

Վերաքննիչ դատարանի նախագահը՝ Քոչարյանի գործով ճնշումների մասին

19:14, 26 փետրվար 2019

Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել եւ եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի կամ գոնե ինձ կասեին այդ մասին: Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորների նկատմամբ կայացված ենթադրյալ ճնշումներին։ «ՀՀ երկրորդ նախագահի հետ կապված եղան տարբեր քննարկումներ. մի դեպքում խոսում էին նախկին իշխանությունների, մյուս դեպքում՝ ներկա իշխանության կողմից գործադրվող ճնշումների մասին։ Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ եթե դատարաններում դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի այդ մասին, կամ գոնե ինձ կասեին այդ մասին»,–ասաց նա։ Վազգեն Ռշտունու խոսքով՝  հասարակությանը հետաքրքրող ցանկացած գործով կայացված որոշում  կարող է համարվել քաղաքական նշանակություն ունեցող։ «Նույն հարցը կարելի է բարձրացնել Մանվել Գրիգորյանի գործով. կարելի է հարցնել, թե Մանվել Գրիգորյանին առաջին ատյանի դատարանի կողմից  ազատ արձակե՞լն էր քաղաքական որոշում, թե՞ ՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված հակառակ որոշումը, նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գործով տարբեր որոշումներ են կայացվել։ Խոսելով իշխանության վերին օղակների կողմից դատարանների նկատմամբ իջեցվող ենթադրյալ ճնշումների մասին, Ռշտունին ասաց. «Նախ դատարանը նույնպես իշխանություն է, ես պնդում եմ, որ մենք չենք գործում ճնշումների ներքո։ Եթե դատավորն իր մեջ ունի դատավոր աշխատելու, ինչպես նաեւ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան որոշում կայացնելու բավարար կամք, ապա որեւէ ճնշում՝ լինի իշխանական, թե հանրային, չի կարող նրան խոչընդոտել կամ ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա»։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։ Վերաքննիչի դատավորներից Մնացական Հարությունյանն էլ անփոփոխ էր թողել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որոշումները դատարանները կայացրել են գործադրված ճնշման արդյունքում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր