Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Արցախի նախկին վարչապետ, նախկին պետնախարար, Բակոյի նախկին խորհրդական Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետին խորհուրդ է տալիս մեծացնել Հայաստանի պետական պարտքը` տնտեսության մեջ ավելի շատ ներդրումներ կատարելու համար: Հատկանշական է, որ իր վարչապետության վերջին տարիներին Ա. Հարությունյանը ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարել Արցախում: Երբ կազմվում էր 2016թ. պետական բյուջեն և նախատեսված էր համեմատաբար փոքր դեֆիցիտ, ես միակ պատգամավորն էի, որ պնդում էր դեֆիցիտի մեծացման վրա, կառավարությունը դա մերժեց, սակայն ամիսներ անց կրկին դիմեցին Ազգային ժողով… խնդրելով մեծացնել բյուջեի դեֆիցիտը: Հետագա տարիներին ավելի քիչ դեֆիցիտ նախատեսվեց և ի վերջո այս տարվա համար դեֆիցիտը փոխարինվեց պրոֆիցիտի: Ես բազմիցս թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ հրապարակային այլ ելույթներում պնդել եմ, որ մենք պետք է գնանք Արցախի ենթակառուցվածքների, մեծամասամբ ավտոճանապարհների արագ կառուցման, այդ թվում պետական պարտքի մեծացման գնով:
Ի վերջո Հայաստանը 2008թ.-ից սկսած մեծացրել է իր պետական պարտք` ավելացնելով նաև Արցախին տրվող միջպետական վարկը: Ինչպե՞ս է այն օգտագործել Արայիկ Հարությունյանի կառավարությունը: Գնել է 100-ավոր ծառայողական մեքենաներ Բակո Սահակյանի բարեկամներից, միլիարդավոր դրամներ է փոխանցել Սերժ Սարգսյանի հարազատներին, տարբեր հիմնադրամների միջոցով «լավություններ» էր արել իր նեղ շրջապատին, պետական բյուջեն ծառայեցրել է իր թիմակիցների շահերի համար։
Եթե դա ասեր մի գործիչ, որը պետական պարտքի միջոցով կառուցել էր ասենք Բերձոր-Միջնավան, կամ Կովսական-Կապան ճանապարհը, էլի հասկանալի կլիներ, բայց որ դա ասում է մի մարդ, որը հանրային ռեսուրսները ծառայեցրել է կլիենտալիստական համակարգի շահերի սպասարակման համար, դա ուղղակի ծաղր է հասարակության նկատմամբ»: