Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար. խոստանում են աշխատավարձերի բարձրացում եւ աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում եւ աշխատատեղերի կրճատում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Խոստանում են սեր եւ համերաշխություն, քարոզում են ատելություն:
Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:
Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:
Նրանք, որոնք ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:
Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջեւ,այլ նաեւ մարտահրավեր է պետության հիմքերին եւ անվտանգությանը:
Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին:
Այո՛, համբերության բաժակը լցվել է, եւ սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:
Հ.Գ. Ամոթ է... Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:
Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»: