Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները՝ ոստիկանության Բերդի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է և ում դին հանել են, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները:
Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտմեքենան դուրս բերեն ջարամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ; Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: