00:00:00

Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

23:56, 20 փետրվար 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին միացան սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ 1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որ ոգեշնչեց միլիոնների։ Մենք վերագտանք մեր ազգային միասնությունը, միակամությունը, վճռականությունը։ Հայաստանում և Արցախում ձևավորվեց մի համաժողովրդական շարժում, որ բացառիկ էր իր թափով և անկասելիությամբ, խորապես ազգային էր և միաժամանակ խորապես ժողովրդավարական։ Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատությունները դարձան հստակ նպատակակետ, դեպի որը գնաց մեր ժողովուրդը՝ համոզված լինելով, որ ազատությունը և անկախությունը անսակարկելի արժեքներ են։ 30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։ Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին։ Կեցցե՛ ազատ Արցախը, Կեցցե՛ ազատ Հայաստանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր