Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով ծառայողներ, քանի որ տեղեկություն էր ստացվել, որ մահացածի հարազատները փորձել էին ավտոմեքենան հրկիզել:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արշակ Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկաններն ու քննիչները կարողացան մահացածի հարազատների հետ ճիշտ հոգեբանական բանակցություններ վարել, ովքեր հրաժարվեցին իրենց մտադրությունից, այն է ՝ ավտոմեքենան վնասելուց ու հրկիզելուց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: