Այս կիրակի՝ փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար 8 թեկնածու է առաջադրվել։ թեկնածուներից միայն մեկն է կուսակցական՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը։ Մյուս բոլոր թեկնածուներն անկուսակցական են՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը, Անշարժ գույքի պետական կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը, համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը, Վարդենիսի հայրենակցական միության նախագահ Գարսեւան Սաղաթելյանը, անհատ ձեռներեց Արսեն Ամիրխանյանը, Գեւորգ Սիմոնյանը։
Irakanum.am-ը նախընտրական քարոզարշավի, քաղաքում թեժ ընտրական մթնոլորտի եւ ընտրությունների հնարավոր ելքի մասին զրուցել է առաջադրված թեկնածուներից Վահան Զարոյանի հետ։
Պարոն Զարոյան քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին, ինչպես այն ընթացավ։
Իմ գնահատմամբ քարոզարշավը նորմալ ընթացք է ունեցել, եղել են որոշակի թերություններ պաստառների ոչ համաչափ լինելու, եղել են չսահմանված վայրերում փակցված պաստառներ, սակայն մենք դիմել ենք ՏԸՀ եւ այդ թերությունը վերացվել է։ Մնացած առումներով նորմալ է ընթացել։ Ես իմ քարոզարշավը կգնահատեի շատ լավ։
Նկատի ունեք, որ ոչ հավասար քարոզարշավ իրականացրել է քաղաքապետի ԺՊ Արամ Մելքոնյանը։ Ըստ հայտարարությունների եւ հրապարակումների նա վայելում է մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորչությունը, վերջինիս համակուրսեցին է։
Ճանապարհ փակվել է, սակայն տեղյակ եմ այնքանով, որքան ԶԼՄ-ներն են տեղեկացրել։ Բնականաբար մեր տարածաշրջանում եւս այդ խոսակցությունները առկա են, ավելի մանրամասն չգիտեմ։ Թեկնածուն, ով պատրաստվում էր հանդիպում ունենալ բուժաշխատողների հետ, այնտեղ նախնական պայմանավորվածություն է եղել, գնացել ասել են, որ մարզպետը թույլ չի տվել։ Այս ամենը ես իմացել եմ տեսանյութերից։
Պարոն Զարոյան դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եք, սակայն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ կուսակցությունը որեւէ թեկնածուի չի սատարում, ինչո՞ւ։
ՔՊ-ն, «Իմ քայլը» դաշինքը պաշտոնապես որեւէ թեկնածու չեն առաջադրել, եւ չեն սատարել։ Սակյան ձեր նշած պատգամավորի հայտարարության մեջ մի դրվագ կա, որ ասում է, թեկնածուների մեջ չկա ՔՊ ներկայացուցիչ, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ես չգիտեմ, թե դա ինչ նպատակով է ասվել, բայց ես կարող եմ ասել, որ ՔՊ անդամ եմ եւ շարունակում եմ լինել այդ կուսակցության անդամ, նաեւ ներկայացնում եմ Վարդենիսի տարածքային կառույցը, որը իհարկե դեռ ձեւավորված չէ, բայց պատասխանատուն եմ։ Հիմա էլ շարունակում եմ լինել կուսակցության անդամ, կուսակցության բոլոր անդամների հետ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Իհարկե «Իմ քայլը» դաշինքի անդամներից շատերը նոր են, բայց հիմնական կորիզի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ։
Ձեր շանսերը ինչպես ե՞ք գնահատում։
Դա ցույց է տալու ժողովուրդը ընտրությունների միջոցով, բայց ես իմ շանսերը բարձր եմ գնահատում։ Ես այսօր տեսնում եմ աջակցություն իմ ժողովրդի կողմից։ Առաջադրվել եմ այն նպատակով, որ Վարդենիսում եւս հեղափոխություն լինի, փոփոխություններ լինեն, որ ժողովուրդը հասկանա, որ իրապես հեղափոխություն է եղել եւ իրենց կյանքում եւս փոփոխություններ են լինելու։
Irakanum.am