00:00:00

Կառավարությունը գաղտնի է պահում «Շիրակ» ՀԸ ներդրողի անունը

15:30, 14 փետրվար 2019

Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորոշի «Շիրակ» հեռուստաընկերությունը օտարել մի ներդրողի, որը կկատարի ներդրումներ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել ՀԸ-ը, պատճառաբանությամբ, որ ֆինանսական միջոցներ այլեւս չկան։ Նիկոլ Փաշինյանը, սակայն օրեր անց վստահեցնում է, որ հայտնվել է ներդրող, ում հետ գործադիրը  պայմանավորվածություն ունի եւ  «Շիրակ» հեռուստաընկերության ակտիվները կօտարվեն  ներդրողին։ Ո՞վ է այդ ներդրողը։ Irakanum.am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց ճշտել։ Մամլո խոսնակը նախ ժամանակ խնդրեց տեղեկատվությունը վարչապետից ճշտելու համար։ Ավելի ուշ, սակայն Վլադիմիր Կարապետյանը մեզ փոխանցեց, որ սույն տեղեկությունը Նիկոլ Փաշինյանից ճշտել չի կարողացել, ապա ավելացրեց, որ նման գործընթացները հիմնականում կոմերցիոն գաղտնիք են պարունակում եւ հրապարակման ենթակա չեն։ Ի՞նչ է ստացվում։ Երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից վարչապետը վստահեցնում է, որ «Շիրակ» հեռուստաընկերության ակտիվները կփոխանցվեն ներդրողի։ «Շիրակ» ՀԸ-ը սնվել է պետական բյուջեի միջոցներից, հետեւաբար հարկատուները իրավունք ունեն տեղեկանալու, թե ում է տրվելու այն հեռուստաընկերության ակտիվները, որը մշտապես գործել է իր գրպանի հաշվին։ Իհարկե չի բացառվում, որ կառավարությունից կհայտարարեն, որ ոչ թե գաղտնի են պահում, այլ պարզապես չեն հայտարարում։ Արդյո՞ք ներդրողն է ցանկացել գաղտնի պահել իր անունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հեռուստաընկերությունը ձեռք բերելու գործում շահագրգիռ է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա անգամ երկու օր առաջ ավագանու նիստում լուծարված հեռուստաընկերության հարցն էր բարձրացրել։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ իշխանությունները ցանկություն ունեն ՀԸ հետագա գործունեությունը հանձնել ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանին, ով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։ Մենք տեղեկացրել էինք, որ մարզային որոշ ՀԸ-ներ ֆուտբոլային ակումբների սեփականատերերին փոխանցելու եւ նրանց տիրապետության ներքո գործելու հրահանգը տրվել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունից, ինչի մասին իշխանությունները չեն ցանկանում հրապարակել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է եզրակացնել, որ «Շիրակ» հեռուստաընկերության ներդրողի անունը եւս գաղտնի պահելու հրահանգ կա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր