Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ նշեց, որ ավելի առարկայական ու կետային ելույթ էր պատրաստել, բայց վարչապետի ելույթից հետո ստիպված եղավ կոնցեպտուալ փոփոխություններ կատարել իր ելույթի մեջ՝ նշելով՝ վարչապետն իր Կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե իր հանրահավաքային ելույթների պես, բայց այդ ելույթի մեջ առարկայական ոչինչ չկար։
«Դուք բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության նախագծին մոտ նախագիծ, և Դուք անցած տարի խստագույնս քննադատում էիք այդ նախագիծը՝ անվանելով այն կենաց։ Հնչեցված հարցերին ու մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն՝ նաև արհամարհանքով, հեգնանքով ու մուննաթով համեմված պատասխաններ, խոսում էիք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք՝ այո, պետք է վերացնել, բայց՝ հետո։ Ու սրան զուգահեռ՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը՝ վարչապետին առընթեր մարմիններ, ՊԵԿ-ը՝ կառավարության ենթակա մարմին։ Դա մեզ քիչ էր, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, փոխարենը՝ ստեղծվում է վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ՝ էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը»,- դիմելով վարչապետին՝ ասաց Գ. Գորգիսյանը։
Վերջինս հիշեց նաև, որ մեկ տարի առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, թե որքան կարևոր է պատերազմող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար ազգային ավիափոխադրող ունենալը, իսկ այսօր Կառավարության օրակարգում չկա նման հարց։