Փետրվարի 17-ին Վարդենիսի համայնքապետի ընտրության օրն է: Քարոզարշավի մեկնարից անմիջապես հետո պարզ դարձավ, որ այն անցելու է թեժ մթնոլորտում: Իշխանությունները առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու: Վարդենիսցիները մի քանի օրից որոշելու են, թե ում են ցանկանում, որպեսզի ղեկավարի իրենց քաղաքը:
Irakanum.am-ը զրուցել է Վարդենիսի համայնքի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Արսեն Ամիրխանյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ թեկնածուների միջև մրցակցությունն իսկապես մեծ է, որը շատ բնական է, իսկ ժողովրդի ընդունելությունից հասկանալի է դառնում, որ իր քաղաքապետ ընտրվելու հավանությունն այսօրվա դրությամբ շատ մեծ է:
-Պարոն Ամիրխանյան ինչպե՞ս եք գնահատում Վարդենիսում ընթացող քարոզարշավը, արդյո՞ք այս ժամանակահատվածում առընչվել եք ինչ-որ խնդիրների հետ, քանի որ ըստ տարածված տեղեկությունների Գեղարքունիքի մարզպետն արդեն ունի իր «հավանած» թեկնածուն ու ընտրությունների ելքն արդեն որոշված է:
-Նման տեղեկություններ իսկապես շրջանառվում են քաղաքում, բայց իմ թիմակիցներն ու ես չենք ընկճվում կամ հրաժարվում մեր պայքարից: Մենք գիտենք, որ վարդենիսցին գիտի, թե ինչ է ուզում ու ինչի համար է գնալու ընտրության: Այսօր իսկապես իրավիճակ է փոխվել ու անհնար է ժողովրդին խաբելով հասնել ինչ-որ արդյունքի: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե վաղը ումից ինչ ակնկալիք պետք է ունենա: Իմ հայրենակիցները ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն, թե ես ինչ կարող եմ անել իմ քաղաքի համար, գիտեն, թե ինչ ծրագրեր ունեմ քաղաքի հետ կապված, դրա համար էլ ես վստահ եմ, որ մենք առաջիկայում տոնելու ենք մեր հաղթանակը:
-Այսինքն կարելի է ասե՞լ, որ Ձեր անցկացրած քարոզարշավից արդեն ուրվագծել եք Ձեր հաղթանակը:
-Մեր քարոզարշավն անցնում է շատ ջերմ մթնոլորտում, իսկապես մեզ ձայն տվողների բանակը շատ մեծ է: Ինձ քաղաքում շատ լավ են ճանաչում ու իսկապես նոր ժամանակներ են գալու շուտով: Վստահ եմ , մի քանի օրից մենք սկսելու ենք այլ քաղաքում ապրել ու շատ ավելի լավ պայմաններում: Հաջողություն բոլորիս:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մի քանի օր է բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ առաջադրված թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի դեմ։ Վերջինիս մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է, ում մարզպետը նշանակել է քաղաքապետի ԺՊ, եւ ըստ վարդենիսցիների սատարում է վերջինիս։