00:00:00

Նախարարություններում եղել են լավ ախպոր պուճուր ախպերներ եւ քույրեր, որոնք այնտեղ ուղղակի նստել են. Փաշինյան

14:29, 13 փետրվար 2019

Շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցադրմանը, թե կառավարության ծրագրում բավական հաճախ նշվում է փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, ցուցանիշների բարելավման մասին` այդ թվում նաեւ ծրագրային բյուջետավորման կոնտեքստում: «Գործադիրի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այն հարցի շուրջ, թե ինչ եղանակներով կարելի է ընդլայնել ԱԺ-ի եւ ՀՀ քաղաքացիների ներգրավումը այս ցուցանիշների մի կողմից մշակման եւ հետո նաեւ դրանց նկատմամբ վերահսկողության ընդլայնման հնարավորությունների մասին»,- հարցրեց պատգամավորը: «Այդ թեման շատ է շոշափվում, որ մեր ծրագրում ինչ-որ բաներ չկան գրած: Ես երեկ ասացի, որ չկա գրված, որ անցկացնելու ենք ազատ, արդար ընտրություններ: Եթե այդպես մոտենանք, կարող է մեկնաբանվել այսպես՝ եթե չեն գրել ծրագրում, ուրեմն առաջիկա ընտրություններին կառավարությունը պատրաստվում է կեղծել: Բայց մենք համարում ենք, որ խնդիրներ կան, որ լուծված են եւ մենք այդ խնդիրներին` համեյնադեպս այդ մակարդակում` ահազանգի մակարդում, պետք է չվերադառնանք: Մյուս կողմից մեր ծրագրում գրված է, որ ժողովրդավարությունը` ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը`կուսակցությունները, ընտրությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը, մեր հեղափոխության տեսլականն է եւ մենք պետք է այդ ճանապարհով գնանք առաջ: Ես էլի ասում եմ, որ նախորդ կառավարության ծրագիրը այնտեղ դրված է, դա մեկնարկն էր: Դա քաղաքական հեղափոխության ծրագիրն էր, սա՝ տնտեսական: Հիմա քանի որ քաղաքական հեղափոխությունը եկել, հասել է մի փուլի, այդ քաղաքական հեղափոխությունը իր տրամաբանությամբ պետք է շարունակվի այնտեղ, որտեղ պետք է շարունակվի: Ինչ վերաբերվում է փաստերի վրա հիմնված քաղաքականությանը. մենք ունենք տնտեսագիտական ինստիտուտ, տնտեսագիտության ֆակուլտետներ, համալսարաններ, բայց շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում: Հիմա մենք պիտի մերոնց ֆինանսավորենք, որ նրանց մասնագիտական կարողությունները հնարավորինս բարձրանան: Այսօր դա իրոք պրոբլեմ է: Մեր նախարարություններում, մեր պետական կառավարման համակարգում շատ դեպքերում չկան կարողություններ՝ պրիմիտիվ հարցերին վերջնական լուծում տալու համար: Նախարարություններում եղել են մարդիկ` լավ ախպոր պուճուր ախպերներ եւ քույրեր, որոնք այնտեղ ուղղակի նստել են, գործ չեն ունեցել անելու: Հարց է պետք լուծել, կգնանք, վարկ կվերցնենք, մի հատ խորհրդատվական ընկերությունից կհրավիրենք, ԾԻԳ կբացենք, կանենք գործը, կգնա: Այս տրամաբանությունը պետք է փոխել»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաեւ նշեց, որ ժողովրդավարությունը մեր արժեքն է, եւ մենք դա պետք է ուժեղացնենք. «Նույն քաղաքական հեղափոխության ժամանակ ես Ֆրանսիայի հրապարակից հրապարակային հայտարարեցի, որ եթե ՀՀ քաղաքացիները այստեղից մինչեւ փակ շուկա հավաքվեն եւ ՀՀ-ում տեղի չունենա հեղափոխություն, ես քաղաքականությունից հեռանում եմ: Այսինքն, նկատի ունեմ, որ ես պատասխանատվությունից խուսափելու որեւէ փորձ, երբեք չեմ արել եւ չեմ անի: Որեւէ մեկին թող չթվա, թե հիմա այն հին տրամաբանությունն է, որ վարչապետի պաշտոնը պինդ գրկելու ենք եւ ավտոմատներով ու տանկերով պահելու: Մեր քաղաքականությունը եղել է հնարավորություններ ստեղծելու քաղաքականություն: Կկարողանանք մարդկանց ոգեւորել, քաջալերել, իրենց իսկ ուժերի նկատմամբ հավատ ներշնչել, նշանակում է՝ մենք արժանի ենք առաջնորդել ժողովրդին: Առաջնորդի ամենակարեւոր հատկությունն այն է, որ օգնի մարդուն, որ ինքն իրեն հավատա: Ոչ թե կառավարությանը կամ առաջնորդին հավատա: Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետեւ մարդն ինքն իրեն է հավատացել: Հիմա մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, ինչքան դու հզոր քաղաքական ուժ ես, նույնքան էլ հզոր տնտեսական ուժ ես, որ պահին դու քո ուժերին հավատաս, նշանակում է՝ դու դարձար տնտեսական հեղափոխության առաջնորդ»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր