Այս կիրակի՝ փետրվարի 17-ին Հանրապետության մի շարք մարզերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ համայնքապետի արտահերթ ընտրություններ նախատեսված են նաեւ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում։ Ընտրություններն այս գյուղում հետաքրքիր են այն առումով, որ հերթական անգամ գյուղապետ դառնալու ցանկություն ունի ամիսներ առաջ Մալիշկայի բնակիչների կողմից մերժված ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Մհեր Մովսիսյանը հրաժարական ներկայացրեց ժողովրդի արդար պահանջից հետո։ Իր ղեկավարման տարիներին Մովսիսյանը թույլ էր տվել մի շարք չարաշահումներ, որոնց մասին հայտարարեց արդեն ոստիկանությունը։ Միաժամանակ ՀՀԿ-ական նախկին գյուղապետը Աշոտ Արսենյանի հետ ընտրակաշառք էր բաժանել։ Այս ամենը եւ գյուղաբնակների խնդիրները տարիներ շարունակ անուշադրության մատնած գյուղապետը նախորդ տարի հրաժարական ներկայացրեց, սակայն կրկին վերարտադրվելու ցանկություն ունի։
Մհեր Մովսիսյանը ֆինանսական լուրջ միջոցների է տիրապետում։ Գյուղաբնակների խոսքով հենց այդ միջոցների հաշվին է, որ նա մինչեւ այսօր ազատության մեջ է։ Ինչպես ասում են փողը մութ տեղն է լույս տալիս, եւ շատերի համար կանաչ ճանապարհ բացում դեպի սեփական ցանկությունների եւ նպատակների իրականացում։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ գյուղապետի թեկնածու Մհեր Մովսիսյանը համայնքում հայտարարել է, որ վայելում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հովանավորչությունը եւ գործում է բացառապես օրվա իշխանությունների «դաբրոն» վայելելով։ Մեզ ահազանգած Մալիշկայի բնակիչները պատմեցին, որ օրերս տեղի է ունեցել մարզպետի եւ նախկին գյուղապետի հանդիպումը, որի ընթացքում էլ կողմերը մութ գործարքներ են կնքել։
Տրդատ Սարգսյանը, սակայն մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե նման հանդիպում է տեղի ունեցել իր եւ Մհեր Մովսիսյանի միջեւ։ «Ես հանդիպում եմ ունեցել բոլոր թեկնածուների հետ, դրա մասին էլ իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ» ,- ասաց մարզպետը, հավելելով, որ ընդամենը մեկ անգամ է հանդիպել Մհեր Մովսիսյանի հետ, այն էլ՝ պատահական։ «Բարեւել ու անցել եմ, որեւէ քննարկում չենք ունեցել»,- ասաց Սարգսյանը։ Դիտարկմանը, թե պատահական հանդիպումը որտեղ է կայացել, մարզպետն ասաց, թե մարզպետարանի բակում։ Տրդատ Սարգսյանը վստահեցրեց, որ Մալիշկա համայնքում վաղուց չի եղել։ Նա միաժամանակ նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ թեկնածու չի առաջադրել, որեւէ մեկին չի սատարում։ Ըստ մարզպետի իրենց խնդիրն այն է, որ ընտրություններն անցնեն օրինականության սահմաններում։
Ի դեպ մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահ մարմինները եւս ստացել են տեղեկություններ այն մասին, որ գյուղում թեկնածուներից մեկի կողմից ընտրակաշառք է բաժանվում։ Բոլոր թեկնածուները օրեր առաջ հրավիրվել են դատախազություն։
Irakanum.am