00:00:00

Ազգային ժողովում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել է ԼՂ հակամարտությունը

16:00, 12 փետրվար 2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի եւ Կարին Մարմզոլերի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական տեսանկյունից: Զրուցակիցները կարեւորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ կարեւորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսեւորումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար: Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր