00:00:00

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից. մեղադրվում է ՀՀԿ-ին ծառայելու մեջ

15:17, 12 փետրվար 2019

Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն, ըստ էության, հաստատեց, որ իր տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից: Երեւանի ավագանու այսօրվա նիստում հարցն առաջ քաշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հիշեցնելով, որ Ղումաշյանը ժամանակին ակտիվորեն մասնակցել է Հանրապետական կուսակցության օգտին իրականացվող ընտրակեղծիքներին, հեղափոխության օրերին կազմակերպել է ցուցարարների մեքենաների «ջարդ»: Առաջինի հարցում համոզվել է անձամբ: Երկրորդի մասին խոսելիս հղում կատարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի համապատասխան հրապարակման վրա: «Ինչպես ենք շարունակում մեր գործունեությունը»,- քաղաքապետ Հայկ Մարությանին դիմելով՝ տարակուսեց Դավիթ Խաժակյանը: Քաղաքապետն, ի պատասխան, խնդրի վրա հրավիրեց իրավապահների ուշադրությունը, իսկ Խաժակյանին հորդորեց այդ հարցում լինել հետեւողական: Նկատեց, որ քիչ չեն այն մարդիկ, որոնք աշխատել են ինչպես նախկին իշխանությունների հետ, այնպես էլ նորերի հետ են աշխատում: Նշեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել ամենավերջին հերթին, ուստի հանձնում-ընդունման գործընթացը դեռ ավարտված չէ: Ավելացրեց, որ եթե այսօր մարդիկ աշխատում են, ուրեմն նրանց ծառայությունները դեռ պետք են համայնքին, բայց դա չի նշանակում, որ դրա կարիքը լինելու է նաեւ վաղը: «Վարչական շրջանի աշխատանքները ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը, եւ ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը»,- արձանագրեց Հայկ Մարությանը: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, անդրադառնալով իր տեղակալի հետագա պաշտոնավարման հարցին, հակասական պատասխաններ տվեց: Խոսելով մեքենաներ ջարդելու մասին, ասաց. «Այդ դեպքով հարուցված է քրեական գործ, եւ վճիռները կայացված է, ինչքանով տեղեկացված եմ: Այդտեղ միայն Ղումաշյանը չէ, այսպես կասեմ: Ղումաշյանի նման էլի անձնավորություններ կան: Այդ հանձնում ընդունման պահն է, ինչպես քաղաքապետը ասաց: Համարյա ավարտված է»: Հաստատեց, որ Ղումաշյանի հետ աշխատել չի շարունակելու, միեւնույն ժամանակ նշեց, որ ինքը նրա մեղավորությունն ապացուցող փաստերի ծանոթ չէ եւ նա էլ չի ընդունում իրեն վերագրվողը: Ասաց, որ խոսակցությունների մակարդակում են նաեւ մյուս աշխատակիցներին ուղղվող համանման մեղադրանքները: Հետեւաբար, նրանց աշխատանքից ազատել չի կարող: «Իհարկե, եթե հիմք ունենամ, կազատեմ: Բայց առանց հիմքի այսօր շատ դժվար է համանքային ծառայողին աշխատանքից ազատել»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարը: Ղումաշյանի դեպքում նույնպես հիմք չունի, բայց նրան ազատելու է: Ենթադրվում է՝ խնդիրն այն է, որ տեղակալը հայեցողական պաշտոն է եւ այս դեպքում փոփոխություններ իրականցնելն ավելի հեշտ է, քան համայնքային պաշտոն զբաղեցնող անձնանց պարագայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր