Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը Վաղարշապատի, մի մասն էլ «Էրեբունու» բժշկական կենտրոններ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութերն են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: