Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում որոշվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Կառավարության որոշումը առաջացրել է ակտիվ քննարկումներ։ Սկզբնական շրջանում հատկապես հեռուստաընկերության ներկայացուցիչների ու լրագրողների կողմից հեռուստաընկերության փակման թեմայով հնչեցվող դժգոհությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ մոտ 60 աշխատակից այլևս գործազուրկ է դառնալու։
Սակայն մինչ աշխատակիցների գործազրկությանն անդրադառնալը կան այլ կարևոր խնդիրներ, որոնք պետք է գրավեին պատկան մարմինների ուշադրությունը։ Այդպիսի խնդիրներից մեկն այն է, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն երկար տարիներ աշխատում է մի մարդ, ով մեկ այլ՝ «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատերերից ու հիմնադիրներից մեկն է։ Ցայգի բաժնետոմսերի 67 տոկոսը պատկանում է Արթուր Ղանդիլյանինի ընտանիքին / Ղանդիլյանին ու կնոջը՝ Վալյա Ղանդիլյանին/, եւ Արթուր Ղանդիլյանը համատեղության կարգով նաեւ Շիրակի հանրային հեռուստընկերույան գործադիր տնօրեն է աշխատել:
Այստեղ ակնհայտ նկատվում է շահերի բախում՝ մասնավոր հեռուստաընկերության փայատերերից մեկը ղեկավարում է բյուջետային ֆինանսավորում ստացող հեռուստաընկերություն։ Ինքնին այս հանգամանքն իր մեջ նաև կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։ Սակայն ինչպես երեւում է նախորդ իշխանությունների ուշադրությունից կամ այս փաստը վրիպել է, կամ նպատակահարմար են համարել աչք փակել: Նոր իշխանություններին բնականաբար պետք է հետաքրքրի այս փաստը՝ պարզելու համար արդյոք առկա են կոռուպցիոն ռիսկեր եւ եթե այո, ապա ովքե՞ր պետք է ենթարկվեն պատասխանատվության հարկատուների՝ գումարները ոչ նպատակային ծախսելու կապակցությամբ:
Հիմա մեկ այլ տեղեկության մասին։ Շիրակի մարզում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ «Շիրակի» տնօրեն Արթուր Ղանդիլյանը ամեն գնով ցանկանում է պետությունից նվեր ստանալ Հեռուստըանկերությունը՝ շարժական եւ անշարժ գույքով եւ անշարժ գույքին նա արդեն գնորդ է ճարել: Ըստ նույն աղբյուրների՝ հեռուստաընկերության տարածքով եւ գույքով հետաքրքրված են Բալասանյանները։
Խոսքը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին է։ Մեզ հայտնի է դարձել, որ Բալասանյանի որդին՝ Միկա Բալասանյանը, ցանկանում է հիմա էլ ուժերը փորձել մեդիա դաշտում, եւ արդեն իսկ բանակցություններ է տանում Շիրակի տնօրինության հետ։ Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
ՀԳ. Նշենք, որ Բալասանյանը Արթուր Ղանդիլյանի հետ նման բանակցությունների մեջ էին նաեւ երեք տարի առաջ: Սամվել Բալասանյանը ցանկանում էր գնել «Ցայգ» հեռուստընկերության Ղանդիլյանի ընտանիքին պատկանող բաժնեմասը: Սակայն, ինչպես հայտնի է, այդ կարգի գործարքները պետք է անցնեին ժամանակի իշխանության՝ անձամբ Սերժ Սարգսյանի «թրի» տակով:
Ըստ երեւույթին այն ժամանակ ինչ որ բան խանգարել էր. եւ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը չէր տվել այդ գործարքին:
Irakanum.am