00:00:00

«Հին» եք․ Պետրոսն ու Մարգարիտան շարունակում են կադրային ջարդը

20:14, 24 հունվար 2019

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ  դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանը Հանրայինում կադրային ջարդ է իրականացրել։ Նա լուրերի թողարկման գրեթե բոլոր մեկնաբաններին առանց պատճառաբանությամբ հեռացրել է աշխատանքից։ Մասնավորապես աշխատանքից առանց պատճառաբանությամբ հեռացվել էին Դավիթ Գրիգորյանն ու Մամիկոն Սիմոնյանը։ Պարզվում է Կենտրոն հեռուստաընկերությունից՝ Հանրայինում «ծանոթով» տեղավորված Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել է նաեւ Հանրային հեռուստաընկերությունում երկար տարիներ աշխատած լրագրողների։ Մասնավորապես, ինչպես մեկնաբանների դեպքում, այնպես էլ աշխատանքից ազատված լրագրողներին որեւէ պատճառաբանությամբ չի ներկայացվել Պետրոսի կողմից։ Աշխատանքից ազատվել են Սուսան Բադալյանը, Լիանա Կարապետյանը, Սիրանույշ Մուրադյանը եւ մի քանի այլ աշխատակիցներ։ Աշխատանքից ազատված լրագրողներից Լիանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ Ներկայացնում ենք Լիանայի գրառումը մասնակի կրճատումներով․ «20 տարի Հանրային հեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո, #Լուրեր-ի այսօրվա տնօրեն Պետրոս Ղազարյանն, ընտրության անհայտ չափորոշիչներով, որոշեց չաշխատել ինձ հետ։ Չեն հեռացրել, որովհետև հիմնավոր պատճառ էր պետք դրա համար, ինչը գոյություն չունի, այլապես կասվեր։ Չեմ ազատվել իմ դիմումի համաձայն, որովհետև հեռուստալրագրությունն ամբողջ կյանքիս սիրելի գործն է, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ տուն, որտեղ 17 տարեկանից անցել են 25 տարիներս (մինչև լրատվականը թղթակցել, հետո աշխատել եմ Հ1 «Մայրաքաղաք» ծրագրում)... Լիանա Կարապետյանին ուղղակի կրճատել են՝ առանց հիմնավորման... Միակ պատասխանը, որ ստացա Պետրոս Ղազարյանից՝ «Հին աշխատողներին կրճատում եմ»․․․ Բրավո, Պետրոս, քեզ համար շատ համարձակ պատասխան է, բայց մասնագիտական բարձր նշաձող պահած լրագրողի «ինչու»-ի պատասխան չէ դա։ Այս կրճատումը կամայականություն է Հ1 լրատվականի 20 տարվա փորձառությամբ լրագրողի նկատմամբ։ «Հին աշխատողը» մի պրոֆեսիոնալ է, որի մասնագիտական կարիերան, անուն ազգանունը կեղտոտված չէ քաղաքական պատվերներով, սկանդալային, դավադիր պատմություններով, սև փիարներով, որը 20 տարվա ընթացքում գրավոր զգուշացում, նկատողություն չի ստացել, զեկուցագիր չի գրել, աշխատանքային ձախողումներ չունի...»։ Լիանայի պայմանագիրը ևս խզելու են մարտի 1-ին, բայց նա մանրամասնել է, որ կրճատման մասին ծանուցումից հետո ասվել է՝ այլևս ձայնդ, անուն ազգանունդ եթերում չպետք է լսվի։ Ավելին՝ Պետրոս Ղազարյանը հրահանգել է ազատել աշխատանքային սեղանն ու համակարգիչը, որովհետև դրանք պետք են «Լուրերի» նորեկներին։ Հրահանգվել է նաև չմտնել նյուզրում, որպեսզի, նոր աշխատողների հետ «կոնֆլիկտ» չլինի, սակայն «պատիվ են արել»  մի «մեկուսարան-սենյակ», որպեսզի մյուսների հետ առնչություն չունենա, իսկ այս ընթացքում անմիջապես հեռացրել են «Լուրերի» «չաթից» արգելափակել լրահոսի էլեկտրոնային փոստը։ Լիանան որպես ամփոփում  գրել է․ «Հոգ չէ, ես թևաթափ չեմ, այս ամենը համարում եմ հերթական հետաքննական մի ռեպորտաժ, որ պիտի ստանա կամայական որոշումից բխած բոլոր հարցերի պատասխանները․․․ Սա ինձ համար հրաշալի փորձություն է․․․ Լավ եղեք, կհանդիպենք․․․»։ Պետրոս Ղազարյանը ըստ տեղեկությունների լրագրողներին հայտնել է, որ «հին» են, եւ նորեկների ժամանակն է։ Մինչդեռ  Պետրոս Ղազարյանի մատնանշած «հին» լրագրողները ունեն երկար տարիների աշխատանքային փորձ եւ ինչպես փաստում են բազմաթիվ լրագրողներ դաշտի պրոֆեսիոնալներից են։ Ղազարյանից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։ Կադրային փոփոխություններով զբաղվող տնօրենը խիստ զբաղված է։ Հրավիրում ենք լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը Հանրային հեռուստաընկերությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ի դեպ Պետրոս Ղազարյանը Հանրայինում հայտնվել է բացառապես նոր իշխանությունների հովանավորչությամբ։ Ժամանակին Փաշինյանին եւ նրա թիմին քննադատող Ղազարյանն ու Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այսօր նույն ջանասիրությամբ գովաբանում են օրվա իշխանություններին, այդ ճանապարհին մոռանալով իրենց անցյալը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր