«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված հարաբերությունները:
Մեր երկիրն այս տարի թեւակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը: Բարձր եմ գնահատում նաեւ գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»,-ասված է ԳԴՀ Կանցլերին ուղղված Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Ուղերձում Նախագահն անդրադարձել է նաեւ միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Գերմանիայի «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջեւ երկկողմ ձեւաչափով եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում: Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: