Հունվարի 14-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:
Այն առաքելությունը, որ դրված է այս Ազգային ժողովի վրա, իսկապես բացառիկ է. երկրում տեղի ունեցած վերջին փոփոխություններից՝ շատերի համար անակնկալ դարձած հեղափոխությունից հետո անհարժեշտություն է առաջացել՝ արմատապես վերանայելու խորհրդարնի առաջ դրված խնդիրների լուծման մեթոդաբանությունն ու վերաարժևորելու այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք առաջիկա տարիներին ծառացած են լինելու Հայաստանի առաջ:
Այս խորհրդարանի հիմնական առաքելությունը, թերևս, մեկն է՝ լիարժեքորեն կապիտալիզացիայի ենթարկել հեղափոխությունը՝ այդ հասկացության ամենալայն իմաստով:
Այդ անելն, անկասկած, հեշտ չի լինելու, սակայն միանշանակ է, որ բավարար հետևողական գտնվելու դեպքում ԱԺ-ում հայտնված բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկրում անել փոփոխություններ, առանց որոնց կյանքը Հայաստանում ուղղակի անհնար կդառնա՝ պայմանավորված այն հսկայական մարտահրավերների բնույթով, որոնք առաջիկա տարիներին ծառացած են մնալու երկրի առաջ:
Հիմնական խնդիրը, թերևս, մեկն է լինելու՝ քաղաքացուն պետության կենտրոնի վերածելն, երբ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ: Այս իմաստով հատկապես կարևորվելու է վերևների ու ներքևների միջև վերջին ամիսներին ստեղծված կապի անքակտելիության երաշխավորումը, ինչը թույլ է տալու քաղաքական ուժերին չկտրվել իրականությունից ու չհայտնվել զուգահեռ իրականությունում՝ խուսափելով նախկին սխալներից:
Իսկ հասարակության ակնկալիքները միանգամայն պարզ են ու հստակ: Մարդիկ ակնալում են բարեփոխումների տեմպերի արագացում, շոշափելի առաջընթաց հատկապես սոցիալ-տնտեսական կյանքում, երբ տրամաբանված քայլերի հստակ հաջորդականության արդյունքում հնարավոր կլինի մարդկանց կենցաղում դրական փոփոխությունների հասնել՝ ամրապնդելով այն սոցիալական երաշխիքները, որոնք պետությունը տրամադրում է իր քաղաքացիներին:
Իսկ նմանօրինակ արդյունքներ գրանցելու համար նախ հարկավոր է, որպեսզի խորհդարանը դառնա առողջ, ժողովրդի շահերից բխող ու պետության առաջընթացին ուղղված գաղափարական բախումների, քաղաքակիրթ, առողջ բանավեճի դաշտ. առանց քաղաքակիրթ դիսկուրսի ապահովման անհնար է լինելու որևիցե արդյունքի հասնելն, առանց առողջ մրցակցության Հայաստանին սպասվելու է քաղաքական դաշտի լճացում, և այս իմաստով, թերևս, առավել մեծ խնդիր ունի ոչ այնքան ընդդիմությունը, որքան իշխանությունը, քանի որ, ինչպես պրակտիկան է ապացուցում, վերջում այդ ամենը ջարդվում է հենց իշխանությունների գլխին՝ հանգեցնելով նրանց համար անցանկալի հետևանքների:
Կայացած ու կենսունակ Ազգային ժողովը կենսական պահանջ է դարձել պետության կայունության ու զարգացման տեսանկյունից, առանց որի անհնար է լինելու ամուր պետականության ստեղծումն ու առկախված մարտահրավերների հաղթահարումը, որոնք ժամանակի ընթացքում միմիայն ավելանալու են: