00:00:00

Ազնիվ լուծում․ ինչպես փրկել «ԱՅԲ»-ը

19:10, 10 հունվար 2019

Ֆինանսներ, բովանդակություն, ծրագրի ներդրում։ Կրթության և գիտության նախարարությունը ամիսներ առաջ «ԱՅԲ»-ում իրականացրած աուդիտի արդյունքները հրապարակեց տարեվերջին։ Այն, որ կրթական այս հաստատությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, Irakanum.am-ը հրապարակել էր մինչ աուդիտի ավարտը փաստ է։ Մենք գրել էինք, որ հաջողված, հիասքանչ, համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագիրը ինչ-որ պահի սխալ ճանապարհով գնաց, ոմանք  շեղել էին սոցիալ- կրթական, եւ որ ամենակարևորն է բարեգործական ուսումնական հաստատության զարգացման ուղին, իհարկե այդ ճանապարհին կուտակելով հսկայական միջոցներ։ ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների  խախտումներով: Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ  գործարքների: Խոսքը Երեւանի Կորյունի փողոցում տեղակայված Ուրարատու համալսարանի շենքի մասին է, որի 9-րդ հարկում է տեղակայված ԱՅԲ հիմնադրամը, որտեղ գտնվում է նաեւ քահանա Արամյանի գրասենյակը։ Մենք գրել էինք, որ տարածքը վարձակալվել է շուկայակական արժեքից մի քանի անգամ բարձր գնով։ Սա ըստ էության հաստատվեց նաեւ ԿԳ նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ ԱՅԲ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ըստ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կրթության ոլորտին ամենամեծ հարվածն է հասցրել։  Վեհարով Արամյանը, հիշեցնենք Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Բաղրամյան 26-ում լավագույնս սերտել էր խաղի այն կանոնները, որոնք սահմանվել էին նախկինների կողմից։ «ԱՅԲ» դպրոցի ճակատագիրը փաստացի տարիներ շարունակ վստահվել է մեկ մարդու, ում ապաշնորհ գործունեության արդյունքում այսօր արդեն վտանգված է համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագրի ապագան։ Կրթության եւ գիտության նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ վերոհիշյալ հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո: Կասկածից դուրս է, որ կրթական ոլորտը ցանկացած երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, եւ սերունդների կրթության հաշվին սեփական շահերը սպասարկողները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ, անկախ այն հանգամանքից, թե ինչ հագուստ են կրում։ Ի դեպ կրթական այս հաստատությունը փրկելու լավագույն լուծումն են առաջարկել ակումբի անդամներից մի քանիսը։ Վերջիններիս բաց նամակից մենք ավելի վաղ հատված էինք հրապարակել։ Նամակում մասնավորապես ասված էր, որ ավելի ազնիվ կլինի ծրագրի շարունակականությունը հանձնել պետության հոգացությանը, քանի որ թիմը ներկայումս չի կարող կյանքի կոչել այն ծրագրերը, ինչի համար տասնյակ մարդիկ հսկայական ներդրումներ են կատարել։ Ուշագրավ է, որ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «ջայլամի» քաղաքականություն է վարում «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Վերջինիս թերեւս ամենաշատը պետք է մտահոգեր կրթական հաստատության շուրջը տեղի ունեցող զարգացումները։ Ի վերջո «Այբ»-ի պատերից ներս եւ դուրս տեղի ունեցող ցանկացած երեւույթ հարված է սերունդներին։ Իսկ ներկա սերունդը անցյալի սխալները չի ներում։ Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը թերեւս ասվածի վառ ապացույցն է։ Անկասկած հեղափոխությունը դեռ վերջնական ավարտած համարել չի կարելի, քանի դեռ պետության կարեւորագույն ճյուղերից մեկի «զարգացմամբ» զբաղվում են արամյանների նման անձինք։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր