00:00:00

Նոր մանրամասներ՝ գյումրեցի 57-ամյա հավաքարարին դաժանաբար ծեծելով սպանելու դեպքից

20:56, 18 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակչուհի, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին հայ իրավապահները համառորեն տվյալներ չեն հայտնում՝ ոչ անուն-ազգանունը, ոչ մասնագիտությունը, ոչ էլ ծննդավայրը։ Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ ռուս զինծառայողը 23 տարեկան է, նա ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայող է, որի ծառայության ժամկետն արդեն լրանում էր ու պայմանագիրը չերկարացնելու դեպքում հնարավոր է և հեռանար Հայաստանից։ News.am-ի հաղորդմամբ էլ, նա Ա․Ռ․-ն է, որը ռուսական 102-րդ ռազմաբազայում որպես վարորդ- մեխանիկ է աշխատել։ Նա վարձով բնակվել է Գյումրու Անի թաղամասում։ Դեպքի օրը ողջ գիշեր իր 2 համածառայակիցների հետ Սլաբոդկա թաղամասից ոչ հեռու գտնվող գիշերային ակումբում կերուխում են արել, գինովցել, սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ի դեպ, իրավապահ համակարգի մեր աղբյուրների տեղեկացմամբ, ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ևս տուժող կա։ Ռուս զինծառայողը, զայրացած դուրս գալով ակումբից, սկսել է քայլել Սլաբոդկա թաղամասում ու իր զայրույթը թափել առաջին պատահած մարդու վրա։ Տվյալ դեպքում զոհ էր դարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցը, որը վաղ առավոտյան աշխատանքի գնալիս է եղել։ Կան տեղեկություններ, որ կնոջ շորը իջեցված է եղել, արդյոք բռնաբարության փորձ եղե՞լ է, թե՞ ոչ, սրա պատասխանը կտա նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Ըստ մեր աղբյուրների, ռուս զինծառայողին դեպքի հենց առաջին օրը ձերբակալել էին հայ իրավապահները, տեսախցիկներն արձանագրել էին կնոջը ծեծելու պահը, սակայն ծեծողի դեմքը կադրերում աղոտ էր երևացել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների հավաստմամբ, մի քանի օր անց, երբ արդեն եղել են բավարար ապացույցներ, ռուս զինծառայողը նոր միայն խոստովանական ցուցմունք է տվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոցը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ընտրվել է կալանքը։ Նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Հիշեցնենք նաև, որ գյումրեցի կնոջ դեմքն անճանաչելիորեն այլանդակել էին, երբ նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն՝ հիվանդանոցում անակնկալի էին եկել։ Կնոջն այդ վիճակում տեսած բժիշկների հավաստմամբ, նման դաժանությամբ ծեծի դեպք իրենք չէին տեսել։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով նոր միայն պարզ կդառնա ծեծի դաժանության աստիճանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր