00:00:00

Համայնքների ավագանիները կունենան միասնական հարթակ. անցկացվել է համայնքների ավագանիների 1-ին համաժողովը

21:37, 15 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ավագանիների 1-ին համաժողովը: Այն կազմակերպվում է Հայաստանի համայնքների միության կողմից: Համաժողովի նպատակն է ավագանիների համար ձևավորել հարթակ, քանի որ ավագանիները տեղեկատվական աջակցության, միասնական մոտեցումներ մշակելու կարիք ունեն: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այս առիթով մանրամասնել է. «Մենք փորձում ենք հիմա սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով»: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ ավագանիների ինստիտուտի կայացման, ավագանու դերի մեծացման խնդիրների շրջանակում: Քննարկվել են հարցեր՝ ինչպիսիք են ավագանու ինստիտուտի զարգացման ճանապարհին ի՞նչ հանգրվանի ենք հասել, որո՞նք են հիմնական խնդիրները, որո՞նք են հեռանկարները։ Մյուս թեմատիկ քննարկման թեման էր «Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների գործունեության անցած տարիների փորձը, ավագանու դերակատարման, ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությունն ու հեռանկարները»։ Այս խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ավագանիների 1-ին համաժողովին մասնակցել են տարբեր համայնքների ավագանու ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ: Թեմատիկ քննարկումների ընթացքում ակտիվ քննարկումներ են ծավալվել. ավագանիների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց համայնքներում գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի մասին: Համաժողովի ընթացքում ձևավորվել է նաև Ավագանիների մշտական հանձնաժողովի խորհուրդ: Էմին Երիցյանը հայտարարել է՝ փորձ է արվում սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով, և մանրամասնել է. «Ավագանիների խորհուրդը պետք է ապագայում մշակի ավագանիների մշտական համաժողովի կանոնակարգը»: Անդրադառնալով ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին՝ Էմին Երիցյանն ասել է. «Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չէ, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»: Համաժողովի ավարտին շրջանառության է դրվել նաև Համայնքների ավագանիների համաժողովի ուղերձը, որը բաց է՝ դրան միանալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր