00:00:00

Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է. Վ. Սարգսյան

00:56, 13 մարտ 2018

Երևանում մեկնարկող ArmHiTech ցուցահանդեսին ռազմարդյունաբերությանը վերաբերող նոր մշակումներ կլինեն. «Ռազմինֆո»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Լինելու են, անպայման։ Բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել ենք վերջնական տեսքի բերել և ընդունել մարտական հերթապահության», - ասել է նախարարը։ Նա նշել է, թե ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել՝ ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում՝ հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից՝ ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետևաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում։ «Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ունենք մի շարք ուղղություններում, որոնցում ավանդաբար մրցունակ ենք եղել։ Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են ավանդույթների և ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձևավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված և գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձևավորման փուլում է, և ամեն ինչ անելու ենք, որ մինչև ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի», - ասել է Վիգեն Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր