Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք պղծության, համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Մենք ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, հարձակումների, Շուռնուխում համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման կամ լկտի պահվածքի փորձերի: Եվ ամենամտահոգիչն այս ամենի կառավարության լռությունն է: Ավելին, վեհափառի դեմ միտինգներ կազմակերպողներից մեկը նշանակվում է պաշտոնի: Մտահոգիչ է, երբ Բոլթոնը գալիս է Հայաստան, ասում է, որ Հայաստանը պետք է ազատվի պատմական կաղապարներից, այսինքն՝ մեր պատմական արժեքներից, մեր ավանդական ընտանիքից, հայ եկեղեցուց, մեր դաշնակցային հարաբերություններից եւ Արցախի հարցից: Բայց կառավարությունից զրո արձագանք»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ ինքը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ երեխաների պաշտպանության մասին օրենքում, որպեսզի օրենքով արգելվի թմրամոլության եւ համասեռամոլության քարոզը, ինչին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Շարմազանովի խոսքով՝ իշխանություններն այսօր դպրոցում աղոթք անելն են հարցականի տակ դնում։
«Այն, ինչ կատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները», որոնք շատ հեռու են իրականա սիրո եւ համերաշխության ուսուցիչներից, ատելության քարոզ են անում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում: Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, էդ ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետը, ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ «Գեստապոն»: Քաղաքական օպոնենտներին ԱԱԾ–ով վախեցնելը նույն է, ինչ Հիտլերը 30–ականներին իր օպոնենտներին վախեցնում էր «Գեստապոյով»։ Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք, հերիք է քաղաքական ընդդիմախոսներին ատելության քարոզ անեք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ից հետո կյանքը շարունակվում է, և քաղաքական արկածախնդիրները մեր մեջ չպետք է տեղ ունենան։