00:00:00

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

02:04, 01 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով  արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է անհատական նվաճումներով փոխել աշխարհը: Հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանում քաջալերել քաղաքացիներին, որպեսզի նրանք հավատան իրենց անհատական կարողություններին և աշխարհը փոխելու միջոցներ ձեռնարկեն: Այս առումով ընդօրինակման արժանի կերպար եք Դուք և ուզում ենք Ձեր կերպարն ի ցույց դնել մեր երիտասարդությանը»:  Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա կարևորել է կրթական համակարգի զարգացումը և ինժեներական ոլորտի ուղղությամբ բարձրորակ կադրերի պատրաստումը: Միաժամանակ, Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը և այդպիսով նպաստել ոլորտի հետագա առաջընթացին մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի ՏՏ ոլորտի զարգացման մեծ օրակարգ և իրականացված քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը: Այդ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման, արտաքին ներդրումների ներգրավման, ՏՏ ոլորտի և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ կառավարության քաղաքականությանն ու տեսլականին: Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր