00:00:00

«Ճշտի» համար. մի մեդալի պատմություն

01:41, 11 մարտ 2018

Մի քանի օր է հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Արմենիա հեռուստաընկերության սցենարիստ Դիանա Գրիգորյանին՝ Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու հանգամանքը: Երիտասարդ Գրիգորյանին բարձրագույն պարգեւի է արժանացրել Սերժ Սարգսյանը: Դիանա Գրիգորյանը իշխանական հեռուստաընկերության համար սերիալների սցենարներ է գրում՝ փող աշխատում: Սակայն խնդիրը նրա աշխատանքի մեջ չէ: Դիանա Գրիգորյանի սցենարները վերցված են իրականությունից, այս դեպքում՝ հայ իրականությունից: Իսկ ի՞նչ է գրում նա: Նրա սերիալներում հստակ ուրվագծվում է հայկական իշխանական էլիտան՝ իր դրսեւորումներով: Օրինակ, թե ինչպես են մեծահարուստները վարվում ընչազուրկների հետ, թե ինչպես է հնարավոր փողով գնել ամեն ինչ, եւ կամ ինչպես է պատգամավորի որդին մեքենա վարում, գերազանցելով արագությունը, չկապելով ամրագոտին եւ այլն: Այս ամենը հայկական իրականության մի մասնիկն է, որ Դիանա Գրիգորյանը տեղափոխում է հեռուստաէկրան: Հայկական նման իրականություն ստեղծողն էլ իշխանական էլիտան է, նրա ղեկավարի գլխավորությամբ: Դիանա Գրիգորյանի սերիալներում օրինակ մեծահարուստի տղան կարող է բազմաթիվ անգամներ խախտել երթեւկության կանոնները եւ չպատժվել: Հայկական իրականությունում նույնն է: Հրազդանի քաղաքապետի որդին մահացու վրաերթի պատճառ է դառնում, եւ չի պատժվում: Ավելին այդ տղան Սերժ Սարգսյանից մեդալ է ստանում:  Նմանատիպ զուգահեռներ կարելի է երկար անցկացնել: Հետեւաբար խնդիրը ոչ թե պարգեւատրվողի, այլ պարգեւատրողի մեջ պետք է փնտրել: Սերժ Սարգսյանը Դիանա Գրիգորյանին պարգեւատրել է «ճշտի» համար: Դժվար, թե Գրիգորյանի գեղեցիկ արտաքինը զարդարեր Մովսես Խորենացի մեդալը, եթե նա կերտեր իր իրավունքների համար պայքարող, հարցերը օրենքի շրջանակներում լուծող ազատ եւ ինքնիշխան քաղաքացու կերպարը: Սա հայկական իրականությունն է, որի դասերը Գրիգորյանը լավ է սերտել, դրանք փոխանցելով թղթին: Նրան խորթ են ցանկացած տիպի առողջ քննադատություն: Դիանա Գրիգորյանի համար «char u naxanz» են բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում խաղի այդ կանոնները: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր