ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում 181-րդ տեղում է։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, թե այդպես է արվել, որպեսզի զերծ մնան խնամի-ծանոթ-բարեկամի շահարկումից եւ ավելացրել, որ անցնելու պարագայում չի հրաժարվի մանդատից։ 181-րդ հորիզոնականում լինելով, Հակոբյան Հրաչյան դժվար թե անցնի, սակայն վարչապետ փեսան գտել է անաղկում նրան կրկին խորհրդարան տանելու ճանապարհը։
Հրաչյա Հակոբյանն իր թեկնածությունն առաջադրել է նաեւ ռեյտինգային ընտրակարգով։
Առհասարակ «Իմ քայլը» դաշինքը Երևանի մասշտաբով ամենամեծ թեկնածուական ներգրավվածությունն ունի թիվ 3 ընտրատեղամասում, որտեղ ֆավորիտները 4-ն են՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը,ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը։
Այսինքն ռեյտինգային ընտրակարգով Փաշինյանի աներձագը կմրցի այն թեկնածուների հետ, ովքեր անգամ, եթե ընտրվեն պատգամավոր կհրաժարվեն մանդատից, ինչն էլ ենթադրում է, որ այդ կերպ ճանապարհ կբացեն քիչ թվով ձայներ հավաքած Հրաչյա Հակոբյանի համար, ով ինչպես վերեւում նշեցինք, հայտարարել է, որ անցնելու պարագայում չի հրաժարվի մանդատից։
Ապրիլին տեղի ունեցած զարգացումներն այլեւս դժվար է որակել որպես հեղափոխոթյուն, հատկապես, որ հասարակությունը ականատես է լինում նմանատիպ երեւույթների։ Նիկոլ Փաշինյանի աներձագը ցուցակում է, եւ այստեղ այլեւս էական չէ նաեւ այն հանգամանքը, անցողիկ, թե՝ ոչ։ Երբ մերօրյա հեղափոխականները հռչակում է կոնկրետ թեզ եւ թիրախ, բայց իրականացնում բոլորովին հակառակը, այստեղ արդիական է դառնում փաստը, որ ծանոթ- խնամի- բարեկամ սկզբունքը կիրառելի է։ Ավելին հնարամիտ այն եղանակը, որը կիրառվում է Հրաչյա Հակոբյանին կրկին օրենսդիր գործուղելու համար, խոսում է այն մասին, որ հին եւ նոր Հայաստանների միջեւ առկա պատնեշը քանդված չէ։ Այն ամուր է, այնպես, ինչպես նախկինների օրոք, ինչպես ջանասիրաբար Տարոն Մարգարյանն էր աներձագին ուղարկում ԱԺ։ Տարբերությունը թերեւս մեկ բանում էր, ՀՀԿ-ականները դա անում էին բացահայտ, ՔՊ-ականները՝ քողարկված։
Երկրում հեղափոխություն չի եղել, այլ ընդամենը՝ իշխանափոխություն, մարդիկ են փոխվել տեղերով, համակարգի բնույթը չի փոխվել։
Irakanum.am