NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի ամուսինը, 30–ամյա Իլլարիոն Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով՝ Նունուշյանը դատապարտվել է երեք տարի, երեք ամիս ժամկետով ազատազրկման՝ խմբի կազմում գողություն կատարելու համար։
Նունուշյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2013թ. ապրիլին։ Գիշերային ժամին Նունուշյանը երկու այլ տղաների հետ պատուհանի ճաղավանդակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևանի Արին Բերդի փողոցի 47/1 հասցեում գտնվող շինություն և գաղտնի հափշտակել էլեկտրական շարժիչ` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 50000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նունուշյանի վերաբերյալ քննված քրեական գործի նյութերում տվյալներ կան այն մասին, որ նա ունի սակավամտություն՝ «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով»։ Ըստ գործի նյութերի՝ նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատավճռից երևում է, որ Նունուշյանն ունի ութամյա կրթություն, ըստ իր հայտարարության՝ խնամքին երկու անչափահաս երեխա։
Նունուշյանը պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: