00:00:00

Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար. Նիկոլ Փաշինյան

03:51, 13 հուլիս 2018

Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Հիմա մի փուլ է, երբ տեսակետներ են հնչում․ բնականաբար, այդ տեսակետները որոշումներ չեն: Կա աշխատանքային խումբ, կա խորհրդարանական ձևաչափ, որտեղ քննարկում է ծավալվում։ Հընթացս այդ երկու ուղղությունների աշխատանքները կսինքրոնանան, և հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հետախուզում կհայտարարվի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության, Փաշինյանը նշեց, որ այդ որոշումներն ինքը չի կայացնում: «Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»,- ասաց Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հարցին, թե չի՞ բացառվում արդյոք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվում, որովհետև դա նախատեսված է օրենքով: Այսինքն՝ այնպես չէ, որ ինչ-որ մեկի քմահաճույքով պետք է դա տեղի ունենա: Ես մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում ասել եմ, որ չի լինելու մի դեպք, որ Կառավարությունը փորձի ինչ-որ ձևով միջամտել: Չի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբ: Սկզբունքը սա է »,-ընդգծեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր