00:00:00

Վթար «Արարատյան» պոմպակայանում. հուլիսի 4-ից մայրաքաղաքում ջրամատակարարումը կվերականգնվի

02:28, 04 հուլիս 2018

Վերջին օրերին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ստացված հաղորդագրությունների թիվն աննախադեպ աճել է՝ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից: Ընկերության տարածած պարզաբանման համաձայն՝ ամռան շոգերի հետ կապված՝ մայրաքաղաքում կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները: Ընկերությունը պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրել է ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաեւ վերագործարկվել է պահուստային հանդիսացող «Արարատյան 3.4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոսին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները: «Շաբաթ համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլեւ մայրուղային ջրատարը, որով Երեւանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը եւ Երեւանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը: Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում, ջուրը չէր բավականացնում: «Վեոլիա Ջուրը» անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա: Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երեւանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն վաղը, հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր