00:00:00

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում

22:50, 03 հուլիս 2018

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը: Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այլ հարցերի, միայն նշեց, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։ «Իրավական գործընթացներ են, որեւէ բան չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը: Նշենք, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Ըստ ՀՔԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, եւ միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ։ Մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր