«Բժշկական եզրակացություն փորձագետի դեռ չկա մարմնական վնասվածքի: Մենք այցելել ենք հիվանդանոց, փորձել ենք հանդիպել հիվանդին, վերջինս կտրականապես մերժել է: Բայց իրականում որեւէ վիրահատական միջամտություն չի եղել, որեւէ լուրջ վնասվածքի մասին խոսք չկա, եւ զարմանալի է մեզ, թե ինչ հիմքով են մարդուն պահուն անազատության մեջ, երբ որեւէ հիմք չկա: Նաեւ շրջանառության մեջ է հայտնվել հիվանդանոց դիմած անձի կնոջ հետ տեղի ունեցած ձայնագրությունը, որտեղ ինքը հստակ նշում է, որ իր ամուսինը կտրուկ շարժում է արել, եւ ընկել է: Որեւէ վիճաբանություն պարոն Ծառուկյանի հետ չի եղել, իրենք ընկերական ու մտերիմ հարաբերությունների մեջ են»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալությանը, եւ Հատուկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
Գեւորգ Պետրոսյանը անհասականալի է համարում Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը:
Հարցին, թե ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, պատգամավորն ասաց. «Հիմա մենք կդիմենք ՄԻՊ-ին, որպեսզի ինքը օրենքով իրեն վերապահված իրավունքով միջամտի, նաեւ փաստաբանը պետք է բողոքարկի ձերբակալման որոշումը, եւ օրենքով թույլատրելի բոլոր մեթոդներին պետք է դիմենք, որպեսզի ոչ մի անմեղ մարդ անհիմն պատասխանատվության չենթարկվի: Այստեղ կա նաեւ բարոյականության խնդիր, մարդը ոչ մի հանցագործություն չի կատարել եւ նրա անունը անհարկի շահարկվում է որպես ծանր հանցագործություն կատարող»:
Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե խոսել են արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հետ, ինչ է նա ասում տեղի ունեցածի առնչությամբ: Պատգամավորը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի եւ տվյալ անձի հանդիպումը տեղի է ունեցել շատ մտերմիկ միջավայրում: «Նրանց երկխոսությունն էլ կա: Պարոն Ծառուկյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով կարող է աջակցել, բայց պարոն Ծառուկյանը նախաքննական մարմին չէ, որ հետախուզումը դադարեցնի: Ամեն ինչ ընթացել է շատ հարթ: Ինքը որեւէ կոնկրետ բանի մասնակից չի եղել»,- եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը:
Irakanum.am