00:00:00

Ոտքը սայթաքել ընկել է. տուժողի կինը պնդում է Ծառուկյանը չի ծեծել ամուսնուն

20:41, 03 հուլիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության   ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության «երեկ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։ Ոստիկանությունից էլ հայտնել են, որ տուժողը նշել է, որ  նրան «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։ Irakanum.am-ը տեղի ունեցածի առնչությամբ զրուցեց տուժողի՝ Վյաչեսլավ Հարությունովի  կնոջ  Լիլիթ Հակոբյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը եւ մյուսները որեւէ կապ չունեն կատարվածի հետ: Ըստ Լիլիթ Հակոբյանի ամուսինը սայթաքել ընկել է, ինչից էլ առաջացել են վնասվածքներ: «Համաձայն եմ, մենք պարոն Ծառուկյանի հետ ինչ-որ մի խոսք զրույց ունեցել ենք: Իմ տղան աշխարհի չեմպիոն է եղել, բոքսի, ոսկե մեդալներ ունի: Նա ՌԴ քաղաքացի է: Մեզ երկքաղաքացիություն տվեցին: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իմ տղայի բանակ գնալու խնդիր առաջացավ: Մենք գնացինք Ռուսաստան, եւ իմ տղային հետախուզում հայտարարեցին: Իմ տղան այստեղ ունի ընտանիք, կին, երեխա: Երկու տարի է չի կարողանում գալ, իր ընտանիքն արդեն բաժանման եզրին է: Մեր նյարդերը ահավոր են: ՄԵնք դիմել ենք պարոն Ծառուկյանին, խնդրելով այս հարցին լուծում տալ»,- պատմեց Լիլիթ Հակոբյանը: Երեկ ամուսինը հերթական անգամ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, նույն հարցը քննարկելու համար: «Երկու ժամ հետո ինձ զանգահարեցին եւ հայտնեցին, որ ամուսինս հիվանդանոցում է: Ես գնացի տեսա, իմ գիտակցությունս կորցրել է, ամուսնուս էլ, որ այդպես տեսա, ես նման բան  ասեցի, որ  դա պարոն Ծառուկյանի արածը կլինի, բայց դա ճիշտ չէ»,- հայտարարեց Լիլիթ Հակոբյանը, շարունակելով, հետո զրուցել է գիտակցության եկած ամուսնու հետ, ով հայտնել է, որ ամբիոնի մոտ ջուր է թափված եղել, ոտքը սայթաքել եւ ընկել է աթոռի վրա: Հակոբյանի խոսքով՝ Ծառուկյանի դեմ ոչինչ չունեն, եղել են ընկերներ, այդպես էլ կմնան: «Հանձինս մենք որեւէ պրոբլեմ չունենք պարոն Ծառուկյանի հետ»,- ասաց նա: Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետով: 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր