Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա զավակներն ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով ներգրավել են որպես կասկածյալներ: Երեկ նման տեղեկատվություն տարածվեց Հատուկ քննչական ծառայության կողմից:
Մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը և նրա դուստրը՝ Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ՝ հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությությունում քրեական գործ էր հարուցվել վերը նշված հոդվածներով: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն նա, ինչպես նաև նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»:
Ինչ վերաբերում է Լյովա Սարգսյանի որդուն՝ Նարեկին, ապա ըստ ՊԵԿ-ի «նա ընդհանրապես հայտարարագիր չի ներկայացրել, ինչը սակայն պարտավոր էր անել։ Նրա դեպքում ևս 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:
Սերժ Սարգսյանի եղբոր և նրա զավակների համար իբրև խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Ուշագրավ է, սակայն, որ Լյովա Սարգսյանն այս պահին երկրում չէ: Մամուլի հրապարակումների համաձայն Սարգսյանն արդեն 12 օր է Հայաստանից բացակայում է։ Տեղեկությունների համաձայն Նարեկ Սարգսյանը եւս բացակայում է Հայաստանից: Այս դեպքում հարց է առաջանում, ինչպե՞ս են նրանք ստորագրություն տվել՝ երկրից չհեռանալու մասին։
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Irakanum.am-ին հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով է քննիչի կողմից որոշումը կայացվել նրանց նկատամբ ընտրել խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին, որպեսզի նրանք գործով ձեռք բերեն կասկածյալի կարգավիճակ:
Մեզ հայտնի դարձավ, որ նման կարգավիճակում Լյովա Սարգսյանը, Նարեկ եւ Անի Սարգսյանները կարող են բացակայել երկրից: Եթե սահմանված ժամկետում նախաքննություն իրականացնող մարմնին չներկայանան, ապա կհայտարարվի հետախուզում:
Irakanum.am