00:00:00

Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ են կատարվում, օրենքն աշնանը կներկայացվի ԱԺ. հիմնականում տուգանվելու են հաստատությունները. Ա. Բազարչյան

02:43, 03 հուլիս 2018

Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են սկսվել, և այն աշնանային նստաշրջանին ներկայացվելու է Ազգային ժողով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունների նախագծում տուգանքների ուղղությունը փոխվել է. նոր օրենքում ավելի շատ և բարձր տուգանվելու են հաստատությունները, քան անհատները: «Տուգանքների իջեցում, չեմ կարող ասել, նախատեսվում է, թե ոչ, բայց տուգանքների վերաբերյալ նոր քաղաքականություն է իրականացվելու, և հիմնական շեշտը դրվելու է ոչ թե ֆիզիկական անձանց, այլ իրավաբանական անձանց վրա: Տուգանքների չափը պետք է լինի մոտավորապես այնքան, որ ինքն ազդեցիկ, կանխարգելիչ լինի, որ մարդիկ չծխեն, և որ հիմնարկները հետևեն այս օրենքների կիրառմանը»,-ասաց նա: Մասնագիտական քննարկումներից հետո օրենքի նախագծում փոփոխություններ են լինելու՝  սկսած անվանումից, վերջացրած տարբեր կետերով: Քննարկվում են նաև պատժամիջոցների, պատժամիջոցների սկզբունքների վերաբերյալ հարցերը: «Մենք մոտ 1 ամիս ժամանակ ունենք, որ վերլուծենք բոլոր առաջարկությունները, որ նախկինում եղել են՝ ինչպես հասարակության կողմից, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հաշվի առնենք բոլոր առաջարկությունները, որ եղել են միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից: Եվս մեկ անգամ համեմատենք օրենքի նախագիծը միջազգային նորմերի հետ և ներկայացնենք օրենքի նախագիծ, որը շատ համերաշխ և հասարակության համար ընկալելի տարբերակով կքննարկվի»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ՝ քննարկումներ են իրականացվում նաև ծխախոտային ապրանքների տեսակների, վաճառքի սահմանափակումների, բաց և փակ հասարակական տարածքների իրավական խնդիրներ հետ կապված: Ընդ որում, նախագծի վերաբերյալ փորձագիտական քննարկումներ են իրականացվում ինչպես տեղական փորձագետների, այնպես էլ միջազգային փորձագետների հետ: «Խնդիրը նախագծի ընդունելի, չընդունելի լինելու մեջ չէ, խնդիրն այն է, որ մենք ստեղծենք օրենքի նախագիծը, որի արդյունքում մեր բնակչությունը կլինի ավելի առողջ: Եթե մենք ընդունենք օրենքի նախագիծ, որն ընկալելի է այս կամ այն հասարակական խմբի կողմից, բայց լինի անարդյունավետ, ոչ մի փոփոխություն չբերի, և առողջությունը չպահպանվի, ապա այդ օրենքի նախագիծն անիմաստ է ընդունելը: Մենք ներկայացնելու ենք այնպիսի օրենքի նախագիծ, որը օգտակար կլինի բնակչությանը՝ առողջության պահպանման առումով: Մենք տնտեսական կամ այլ նպատակ չենք հետապնդում, մենք նպատակ ենք հետապնդում, որ մեր բնակչությունը լինի առողջ»,- հայտնեց Ա. Բազարչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր