«Երեւան» ԲԿ-ում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Տարոն Տոնոյանը խոշոր կոռուպցիոն սխեմաներ է իրականացրել, որոնց փաստերով քրեական գործ է հարուցվել:
Այս մասին ասել է նշված բժշկական կենտրոնի համասեփականատեր, CMS Ժամանակակիվ վիրաբուժության կլինիկայի վիրաբուժության եւ լապարոսկոպիայի ծառայության ղեկավար Հայկ Բալայանը:
«Մի քանի տարվա ընթացքում նա որոշ աշխատողներին արձակուրդայիններ չի տվել, մյուսներից գլխավոր հաշվապահը խոշոր գումարներ է պահել՝ ամեն ամիս մինչեւ մի քանի տասնյակ հազար դրամ», - պատմել է Բալայանը: Բացի այդ Տարոն Տոնոյանի եղբայրը՝ Սասուն Տոնոյանը, ՍՊԸ է հիմնադրել, որը ԲԿ-ում շուկայականից 3 անգամ թանկ գներով եվրոպատուհաններ է տեղադրել:
«Երբ այս պատմությունները ջրի երես դուրս եկան, Տոնոյանն ասաց, որ հրաժարվում է մեզ հետ աշխատել», -ասել է Բալայանը:
Նրա խոսքով Տոնոյանի գործունեության արդյունքը եղավ 110 մլն դրամի չափով հարկերից խուսափելը: Բացի այդ հիվանդանոցի դրամարկղում 350 մնլ դրամի պակասորդ է եղել:
Չարաշահումների դեպքերի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, որի համաձայն «Երեւան» ԲԿ-ի որոշ աշխատակիցներ տուժող են ճանաչվել: «Ճշմարտությունն այն է, որ Տոնոյանի գլխավոր հովանավորը գեներալ Արթուր Աղաբեկյանն է, ով բազմիցս հանդիպել է ինձ հետ եւ սպառնալիքներ հնչեցրել: Տոնոյանը ՀՅԴ անդամ է, եւ կուսակցության վերնախավը ամեն ձեւով փորձում էր ճնշում գործադրել ինձ վրա», - ասել է նա:
Բալայանը հիշեցրել է, որ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ Տոնոյանի օգտին Կառավարության որոշումով օտարվել էր գիտական կենտրոնի 3 հարկանի շենքը, ընդ որում մայրաքաղաքի հեռավոր շրջանում 2 սենյականոց բնակարանի համարժեք գնով:
«Այսօրվա դրությամբ Տոնոյանն այնտեղ վերանորոգման աշխատանքներ է կատարում եւ ամեն կերպ փորձում է իրեն զոհ ներկայացնել, թեեւ դա իրականությանը չի համապատասխանում», - նշել է նա:
Բալայանը ուշադրություն է դարձրել մեկ փաստի վրա. Տոնոյանի ընկերը ոչ պակաս հայտնի №19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն է: Որոշ աշխատակիցներ նրա դեմ կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահումների մեղադրանքներ են ներկայացրել, քրեական գործ է հարուցվել:
«Սարգսյանն իր պոլիկլինիկայի տարածքում «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊԸ է բացել, որի տնօրենը Տարոն Տոնոյանն է», - հայտնել է նա:
Բալայանը նաեւ անհեթեթ է անվանել Տոնոյանի մեղադրանքներն իր հասցեին, որոնք նա հայտնել է հուլիսի 2-ի ասուլիսի ժամանակ:
«Նրա հայտարարություններն այն մասին, որ ես գերազանցիկ չեմ եղել, ծիծաղելի են: Ես հպարտանում եմ իմ գնահատականներով եւ ես ամաչելու ոչինչ չունեմ: Իսկ Տոնոյանն ինքը ընդհանուր վիրաբույժ է աշխատում, թեեւ սովորել է մանկաբուժության ամբիոնում առանց կլինիկական օրդինատուրայի», - նշեց վիրաբույժը:
Տոնոյանի մյուս մեղադրանքը վերաբերում էր նրան, որ Բալայանը լեյտենանտի կոչում ունի, թեեւ չի սովորել ռազմական ամբիոնում:
«Ես Հայաստանի ԶՈՒ-ում որպես շարքային եմ ծառայել, բայց հետագայում ԵՊԲՀ-ում ռազմական ամբիոնում դասընթացներ եմ անցել, ինչի հիման վրա բժշկական ծառայության լեյտենանտի կոչման եմ արժանացել»:
Հավելենք, որ «Երեւան» ԲԿ-ի համասեփականատերներ Տարոն Տոնոյանի եւ Հայկ Բալայանի միջեւ կոնֆլիկտի հետեւանքով տվյալ ԲԿ-ն 2016-ի աշնանից չի աշխատում: